Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին փաստական ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացնում է․

«Շարունակելով աշխատանքը մեր միջազգային գործընկերների հետ՝ քիչ առաջ հերթական նամակներով եմ դիմել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Փաստական ապացույցներ եմ ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։

Նշել եմ, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։
Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։

Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ եմ ունենում մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»։