Մահացել է հանրաճանաչ կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով Լատվիայում կյանքից հեռացել է հռչակավոր կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Delfi Լատվիա» պորտալը, որի տեղեկություններով Կիմ Կի Դուկը նախատեսում էր տուն ձեռք բերել Յուրմալայում:

Աշխարհի հեղինակավոր մրցանակների դափնեկիրը Հայաստանում էր հյուրընկալվել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում և արժանացել «Փարաջանովյան թալեր»-ին:

Խոսելով իր ֆիլմերի մասին՝ Կիմ Կի Դուկը նշել էր, որ ուզում է ցույց տալ, որ ապրել կյանքը շատ դժվար է, նման է ծանր արձանը լեռան բարձունքը քարշ տալուն, այն դեպքում, երբ մի ծանր քար էլ  արձանի ծայրին է կապած, որը մշտապես հետ է քաշում:  «Ես կարծում եմ, որ բոլորը՝ մեծից փոքր, կյանքում իրենց քարն  են տանում»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել էր նա:

Հանդիսատեսը փառատոնի ընթացքում հնարավորություն էր ունեցել դիտելու նրա  «Դատարկ տուն», «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ», «Կղզին»,«Պիետան» և «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ…և նորից գարուն» ֆիլմերը: