«Հանրահավաքին Փաշինյանը պետք է բացի փակագծերը». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: 

– Պարոն Գրիգորյան, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել: Ի՞նչ նպատակ ունի այս հանրահավաքը, ի՞նչ զարգացումներ են սպասվում:

– Հանրահավաքը նախաձեռնել է հենց ինքը՝ վարչապետը, ելույթ կունենա ու հենց ինքն էլ կասի, թե ինչ զարգացումներ են սպասվում: Դա շատ լավ ու տեղին նախաձեռնություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց հանրահավաքների միջոցով ժողովրդի կողմից առաջադրված վարչապետ է: Ինքը բաց ու թափանցիկ է աշխատում, և  շատ ողջունելի է, որ հանրահավաքով է շարունակում իր աշխատանքը: Այսպիսով, նա հրապարակում հաշվետվություն է ներկայացնում հասարակությանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում, ես կարծում եմ, որ ինքն անպայման կպատմի իր կատարած աշխատանքի մասին, կխոսի խնդիրների մասին, կներկայացնի նաև հեռանկարները: Բայց հիմա շատ կարևոր է իրականացրած աշխատանքի մասին խոսելը, քանի որ ակնհայտ է, որ տեղեկատվական դաշտն իր ձեռքերում չէ, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն լուսաբանում ու ներկայացնում վարչապետի աշխատանքը: Շատ ու շատ գործեր արված են, բայց հասարակությունը չգիտի, ուրեմն ինքը պետք է ներկայացնի:

Օրինակ՝ հասարակությունը չգիտի, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ սահմանին ներմուծման արգելքը հանվեց, բոլոր ապրանքների մուտքը ազատ է, և, օրինակ, դրա շնորհիվ շաքարավազի գինը նվազեց: Բայց հնարավոր է հասարակությունն ուշադրություն չի դարձնում դրա վրա: Պետք է ներկայացնել կոռուպցիայի դեմ մղվող լուրջ պայքարի մանրամասները, դա շատ կարևոր է: Մենք տեսնում ենք, որ դա լավ գործընթաց է, բայց պետք է փակագծերը բացել, որ մարդիկ ավելի շատ իմանան այդ մասին:

-Այս 100 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացա՞վ արդարացնել հասարակության սպասելիքները:

– Ես գտնում եմ, որ կարողացել է: Միայն այն փաստը, որ լուրջ գործեր են հարուցված շատ հայտնի մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ նախկին նախագահներից մեկի դեմ, արդեն շատ բաների մասին է խոսում: Հետևաբար, կարող ենք ասել, որ առաջին փուլում նրա արած քայլերը բավարարում են, բայց մենք սպասում ենք նաև մյուս քայլերին: Բայց մինչ այդ պետք է հանրությանը մանրամասն ներկայացնել, թե ինչ աշխատանք է տարվում:

– Հանրահավաքը միայն կատարածը ներկայացնելու խնդի՞ր է հետապնդում, թե՞ այլ նպատակներ կան: Տեսակետներ են հնչում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանը փորձ է անում ստուգել հասարակության տրամադրությունները:

– Ես մարդկանց կոչ եմ անում գնալ այդ հանրահավաքին, քանի որ այն ունի երկրորդ շատ կարևոր ֆունկցիա՝ ցույց տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունն ու աջակցությունը: Տանը նստած աջակցելը մի բան է, այլ խնդիր է, երբ դու հրապարակ ես դուրս գալիս ու ֆիզիկապես ցույց ես տալիս, որ աջակցում ես: Այդ ֆունկցիան շատ կարևոր է առաջինը ներքին սպառման համար: Մի կողմից դա ցույց է տալիս իրավիճակը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքար սկսած անձինք հասկանան, թե ինչն ինչոց է: Խոսքը նույն Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ակնհայտ պայքար սկսեց Փաշինյանի դեմ: Հիմա ժողովուրդը պետք է ցույց տա, թե ինքն ում հետ է: Երկրորդ, այս հանրահավաքի ուղերձը նաև դրսին է ուղղված: Դրսում հիմա ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, ուզում է ուժեղացնել Հայաստանի սուվերենությունը: Բայց միաժամանակ իրենց ուշադիր հետևում են՝ ինքն ունի հասարակության աջակցությունը, թե՞ ոչ: Կկորցնի՞ աջակցությունը, ուրեմն դրսի ուժերը ոչինչ չեն զիջի, նույն Ռուսաստանի մասին է խոսքը: Բայց եթե տեսնեն, որ Փաշինյանն ունի հասարակության աջակցությունը, պարզ է, որ մեր սուվերենությունը կհարգեն:

-Այսինքն՝ շատ բաներ դարձյալ հասարակությունի՞ց են կախված:

-Միանշանակ, ժողովրդի ձայնն է վճռորոշ:

-Իսկ հնարավո՞ր է՝ հահակեղափոխական ուժերը ինչ-որ քայլերով հաջողության հասնեն: 

-Նախ պետք է նայենք, թե ում մասին է խոսքը, երբ ասում ենք հակահեղափոխական ուժ:

Այս փուլում հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը, ով ակնհայտ դուրս է եկել Փաշինյանի դեմ:

-Իմ կարծիքով՝ իրենք քաղաքական դաշտում անելիք չունեն, բայց եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն կառուցել, ցանկացած մարդ իրավունք ունի դուրս գալ ու իր ասածն ասել: Ես չեմ կարծում, որ իրենք կկարողանան ինչ-որ հաջողության հասնել: Բայց այստեղ երկրորդ հանգամանքը կա, որն ավելի կարևոր է: Որքան հաջողված բարեփոխումներ անի Նիկոլ Փաշինյանը, որքան ճիշտ քայլեր իրականացնի, այնքան հակահեղափոխության շանսերը կրճատվում են:

-Նաև որոշ կանխատեսումներ կան, թե քաղաքացիական պատերազմի վտանգ կա երկրում, հնարավո՞ր են նման զարգացումներ:

-Ես չեմ տեսնում այդ վատ սցենարները: Եվ վաղը ժողովուրդը ցույց կտա, թե ում հետ է: Ես դա համարում եմ ֆեյք նյուզ: Վերջին ժամանակահատվածում ֆեյքերը շատ են ակտիվացել, բայց հասարակությունը կանտեսի այդ ֆեյքերին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am