«Զանգել էր քեռուն, ասել՝ երկու տեղից վիրավոր եմ, օգնություն ա պետք, ստեղ մենակ ես չեմ վիրավոր, շատ ենք, եկեք, օգնեք»․ 18-ամյա Արամը զոհվել է Շուշիի մատույցներում

44-օրյա պատերազմի խորհրդանշաններից մեկը դարձած ժպտերես զինվորի՝ զոհված 18-ամյա Արամ Թորոսյանի պատկերն այսօր Ավան թաղամասի իրենց շենքի պատին է։ Մայրն ասում է՝ բոլորի սիրելին էր, նույնիսկ զոհվելուց հետո ընկերները որոշել են հավերժացնել իրենց ժպտերես Արամի պատկերը շենքի պատին։ 

«Արամս շատ խելացի էր։ Առաջին դասարան չնստեց, առաջին դասարանի ուսուցչուհին կանչեց, ասեց՝ էս երեխեն ստեղ անելու ոչինչ չունի, որովհետև ամեն ինչ գիտի, իրան ստեղ անհետաքրքիր կլինի, ու իրան միանգամից փոխադրեցին երկրորդ դասարան։ Երրորդ դասարանում էլ չի սովորել, միանգամից թռել ա չորրորդ, դրա համար ինքը տարիքով ամենափոքրն էր, երբ ավարտեց, հետո սովորեց բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում, վերջում արդեն բժշկականի նույն բաժինը ընդունվեց։ Ասում էր՝ մամա՛, ինչ լավ ա, որ ատամնաբույժ եմ, միշտ ատամներս կսարքեմ, որ սիրուն ժպտամ»,- պատմում է Արամի մայրը՝ Թագուհի Արիստակեսյանը։

Շատ ինքնուրույն էր՝ ասում են։ Ինքնուրույն որոշեց ու 10 տարի գնաց ֆուտբոլի։ Մոր խոսքով՝ ֆուտբոլի ֆեդերացիայում Արամին ձեռքից ձեռք էին տանում։ Հետո որոշեց գնալ կարատեի, ու էնտեղ էլ սկսեցին իրար հաջորդել հաղթանակները։

«Տենց ինքնուրույն էլ մի օր որոշեց, որ պիտի աշխատի։ Եկավ ասեց՝ մա՛մ, գնում եմ սուպերմարկետում աշխատեմ։ Հերն ասում էր՝ տղա՛ ջան, հլը տարիքիդ նայի, ով պիտի 16 տարեկան երեխուն գործի վերցնի։ Ասեց՝ պապա՛, ես քննություն կտամ, կընդունվեմ, դու մենակ ինձ մեքենայով հասցրու սուպերմարկետի կենտրոնական մաս։ Տենց հեր ու տղա լեզվակռիվ տալով գնացին։ Քննությունը տվել էր ու անցել։ Իրա անուն, ազգանունը որ կարդացել էին, ասել էր՝ պապա՛, տեսար՝ ինչ խելացի տղա ունես։ Ներսից էլ հարցրել էին Արամին, ասել էին՝ էն փոքրիկ, ժպտերես տղան ո՞ւր ա»։

Սուպերմարկետում ստացված ապրանքների համար էր պատասխանատու՝ հաշվում էր ու ամբողջը դասավորում։ Իրեն այնքան լավ էր դրսևորել, որ «Լավագույն աշխատակից» փոքրիկ մեդալ էր վաստակել։ Ուզում էին անգամ մենեջեր դարձնել, ասել էր՝ կգնամ բանակ, կգամ՝ նոր։

Որոշել էր՝ Ղարաբաղ պիտի գնար, եթե նույնիսկ Ղարաբաղ չքաշեր, ինքն էր խնդրելու, որ իրեն Ղարաբաղ տանեին։ Մայրն ասում է՝ որդին շատ հայրենասեր էր, որովհետև ինքն էր որպես ուսուցիչ միշտ հայրենասիրություն քարոզել իր աշակերտներին, ու բանից պարզվեց, որ հայրենասիրության ամենամեծ չափաբաժինը հենց իր որդու մեջ էր։

«Հունիսի 3-ին գնաց բանակ, 1-2 ամիս մնաց Մարտունի 2-ում, հետո գնաց Հադրութ, քանի որ մասնագիտությամբ բժիշկ էր, տարան էնտեղ՝ որպես չաստի բուժակ (ֆելդշեր): Զանգեց ասեց՝ մամա՛, ինձ ուղարկելու են Երևան՝ որպես ֆելդշեր վերապատրաստվելու, որ չաստում ֆելդշեր լինեմ»,- պատմում է մայրն ու նշում՝ Արամը բողոքել չուներ, միշտ ասում էր՝ ամեն ինչ շատ լավ ա։

Հետո սկսվեց պատերազմը, բայց Արամի խոսքերն էլի չէին փոխվում, ասում էր՝ մամա՛, մի՛ վախեցի, շատ լավ կլինի։ Վերջին խոսքերն են եղել՝ մենք մեր հողը ոչ մեկին չենք տա։ 

«Հադրութից տարան Ֆիզուլի, հետո՝ Քարինտակ, ավելի ուշ՝ արդեն Շուշի։ 20 հոգանոց ջոկի հրամանատարն էր։ Քարինտակում ընկել են շրջափակման մեջ, բայց դուրս են եկել շրջափակումից։

ՊԿ-իստ էր [пулемёт Калашникова], ասում էի՝ տղե՛ս, էդ ծանր զենքը ինչի՛ ես վերցրել, ասում էր՝ մամա՛, էդ պոստի պապան ա, դու գիտե՞ս՝ էդ ի՛նչ զենք ա»։

Ընտանիքը միայն պատերազմից հետո է իմացել Արամի գործած սխրանքների մասին։ Մայրն ասում է՝ Քարինտակում երկու վիրավորի կյանք է փրկել՝ նրանց առաջնագծից դուրս բերելով։ 

«Էդ տղաներից մեկը զանգել, ասում էր՝ Արամն իմ կյանքը փրկել ա։ Քարինտակում էդ տղեն վիրավորվում ա, Արամն ասում ա՝ ո՛նց կարանք մենք մեր ընկերներին թողենք մնան ընդեղ: Ասում են՝ որ գնաս, էլ հետ չես գա, ասում ա ՝ոչինչ, պիտի գնամ, փրկեմ իրանց, ու գնացել, հանել ա»։

Wargonzo-ի կողմից արված հայտնի լուսանկարն էլ արվել է հենց Քարինտակում՝ նոյեմբերի 3-ին՝ Արամի վիրավորվելուց 4 օր առաջ։ Ծանոթներն անմիջապես ճանաչել էին տղային և լուսանկարն ուղարկել ընտանիքին։

«Ես երեխուս չճանաչեցի։ Ասում եմ՝ Աստված ջան, էս իմ Արա՞մն ա, էս ոնց ա նիհարել, էս ինչ կնճիռներ են, տեսնես 44 օր ինչե՜ր ա տեսել երեխես։ Մեզ Ռուսաստանից էին զանգել, ասել, որ Արամին են տեսել։ Նայեցինք, զարմացանք, հետո զանգեցինք իրան, ասեցինք` ինչի չես ասում, ասեց`էդ արդեն տե՞ղ ա հասել»: 

Քարինտակի հանձնումից հետո Արամենց ջոկին տեղափոխել են Խնձրստան, այնտեղից էլ՝ Շուշի՝ որպես լավագույն կռվողներ։ 

«Նոյեմբերի 7-ի առավոտ բեկորային վնասվածք էր ստացել ձախ ուսի հատվածում: Հրաման էին տվել թողնել մարտն ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, բայց չէր գնացել, վիրակապվելուց հետո շարունակել էր իրեն վստահած դիրքի պաշտպանությունը:  Մենակ զանգել էր, լացում էր, ասում էր՝ մամա՛, ընկերս չկա, Էմիլս չկա։ Հենց էդ զանգից մի քանի ժամ հետո վիրավորվել էր արդեն ոտքի շրջանում։ Զանգել էր քեռուն, ասել՝ երկու տեղից վիրավոր եմ, օգնություն ա պետք, ստեղ մենակ ես չեմ վիրավոր, շատ ենք, եկեք, օգնեք։ Արդեն գիշերվա ժամը 11-ին զանգել, ասել էր՝ էլ չեմ դիմանում»:

Քեռին հասել էր Շուշի, բայց թշնամին արդեն գրավել էր քաղաքը: 5 օր տևած բանակցություններից հետո դուրս էին բերել Արամի ու մնացած տղաների մարմինները։ 

«Եթե ախպերս մտներ, Արամս ու մյուսները կփրկվեին։ Թուրքերը սկսել էին կրակել ու չէին թողել, որ ինչ-որ մեկը առաջ գնար։ Ախպերս փորձել էր, բայց ոտքերի մոտ էին կրակել, ասել էին՝ առաջ մի՛ արի։ 5 օր հետո մտավ, հանեց երեխեքին։ Զանգեց, ասեց՝ գտել եմ, բայց ոչ կենդանի»։

Պարզվում է՝ Արամն ընկերուհի ուներ՝ Հասմիկը, բայց տնեցիները չէին իմացել։ Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո է իմացել, երբ այդ աղջիկը շատ վատ վիճակում ներս է մտել։ 

«Փաստորեն, 3 տարի սիրել են իրար, բայց ես որ ասում էի՝ ա՛յ տղա, ընկերուհի ունե՞ս, ասում էր՝ դե լավ, մամա, ընկերուհին էլ հետո։ Հասմիկն ասում ա՝ միշտ ասում էր՝ գնամ բանակ, գամ, մերոնց հետ կծանոթացնեմ քեզ, իսկ հիմա էդ երեխեն տանջվում ա, ու նույնն էլ մենք։

Ու մինչև էսօր տառապելով ապրում ենք, մի աղջիկ ունեմ, գոնե էդ աղջկաս հասցնեմ իրա նպատակին ու գնամ հասնեմ իրան։ Ես ուրիշ երեխա եմ դաստիարակել, ոչ մի վատ բան չեմ տեսել իմ տղուց, էս ինչ եղավ, էս ոնց եղավ՝ չհասկացանք»,- ասում է մայրն ու հուզվում։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am