Ռուբեն Բաբայանը պատմել է Մոսկվայում Բաքվի հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայաստանի պատվիրակությունը փոխադարձ վստահություն ստեղծելու գործում նախ և առաջ կարևորել է գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը հանդիպման մասնակիցներից է եղել, ասաց, որ իր հետ Հայաստանից մեկնել են նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցել են Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի Լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:

«Շվիդկոյը նման հանդիպումներ նախաձեռնել է 2004-ին, 2006-ին, 2008 թվականին: Այս հանդիպումն առանց օրակարգի էր: Շվիդկոյն ի սկզբանե ասել էր, որ որևէ քաղաքական հարց չի քննարկվելու: Յուրաքանչյուրս ներկայացնում էր ինքն իրեն, և զրույցը ծավալվեց միայն մարդկային, հումանիստական դաշտում: Մենք ասացինք, որ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, և առաջին քայլը գերիների վերադարձն է: Չի՛ կարող լինել վստահություն, չի՛ կարող լինել խաղաղ գործընթաց, եթե լուծված չէ ամենակարևոր մարդկային հարցը: Մենք այս մասին ենք բարձրաձայնել: Պետք է ամեն ինչ անել այդ գործընթացին չխանգարելու համար, և ես հույս ունեմ, որ որոշակի քայլեր կարվեն»,-պատմեց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ խոսել են իրենց հուզող հարցերի մասին, որոնք, հիմնականում, կապված են եղել  ականապատված տարածքների հետ:

Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց՝ այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել: Նա կարծում է՝ այդ հարցով պետք է զբաղվել բոլոր հարթակներում:

«Իրականում, երբ խնդիրը մարդասիրական տեսանկյունից ես բարձրացնում, այդ դեպքում հակադարձել հնարավոր չէ», վստահեցրեց նա:

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ նման հանդիպումների շարունակական բնույթ կրելը կախված է արդյունքներից:

«Մեր խմբի բոլոր անդամները շատ լավ գիտեին, որ հարվածների են ենթարկվելու՝ վերադառնալով Հայաստան: Այդպես էլ եղավ, սակայն ավելի կարևոր է գերիների վերադարձի հարցը, ու ամեն բան տանելի է, եթե գերիներն ազատ արձակվեն»,-եզրափակեց Բաբայանը: