Ինչ կապ ունեն Քոքոբելյաններն ու Սուրեն Մանուկյանը. դաշնակցական նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել, նրան հնարավոր է՝ կալանավորեն

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով՝ «անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից»: Անձը, որի առևանգման համար, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվում է Սուրեն Մանուկյանը, մեկ այլ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է՝ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը:

«Երեկ երեկոյան մեղադրանք է առաջադրվել պարոն Մանուկյանին: Այսօր, ամենայն հավանականությամբ, միջնորդություն կներկայացնեն դատարան, որպեսզի քննարկեն կալանավորման հարցը»,- «Մեդիալաբին» ասում է Սուրեն Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Նախկին պատգամավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ փաստաբանն ասում է՝ Մանուկյանի համար ստեղծված իրավիճակն անհասկանալի է, քանի որ կատարվածի հետ նա որևէ առնչություն չունի:

«Եթե հիմնավոր լիներ մեղադրանքը, կընդունեինք, ինչի՞ մասին է խոսքը: Դեպքը առերևույթ պարոն Մանուկյանի հետ առնչություն չունի, դրա համար մեղադրանքը չենք ընդունում: Մեզ մեղավոր չենք ճանաչում, որովհետև ոչինչ հիմնավոր չէ»,- ասում է փաստաբանը:

Մանուկյանի և Քոքոբելյան ավագի հետ կապի մասին փաստաբանը չի խոսում, նշում է՝ ինչ ասի, կարող է ենթադրությունների շարքից լինել: Նա ընդհանրապես այլ տեղեկություններ չի հայտնում քրեական գործի մասին՝ պաշտպանվելով նախաքննական գաղտնիք հասկացությամբ:

«Գոյություն ունի նախաքննական գաղտնիք, քրեական գործի մասին ոչինչ չեմ կարող խոսել: Էս պահին ինչ էլ ասեմ, կարող է ենթադրություն լինել»,- ասում է փաստաբանը:

Սուրեն Մանուկյանի և Գրիշա Քոքոբելյանի միջև հարաբերությունների բացակայության մասին խոսել էր Քոքոբելյան կրտսերը՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Հորս առևանգման փաստով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել»,-հայտարարել էր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նաև հույս էր հայտնել, որ Դաշնակցություն կուսակցության իր գործընկերները «հստակ գնահատական կտան անմարդկային արարքի վերաբերյալ»:

Հ. Յ. Դաշնակցությունն արձագանքել էր և Սուրեն Մանուկյանի նկատմամբ կատարվածը որակել քաղաքական հետապնդում: «Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։

Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը՝ մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»,- ասված էր Դաշնակցության հայտարարության մեջ։

Եվ Ոստիկանությունը, և՛ Քննչական կոմիտեն, սակայն, ներկայացրել էին առևանգման դրվագը՝ տեղեկացնելով, որ մի խումբ դիմակավորված անձինք Աչաջուր գյուղում բնակվող Գրիշա Քոքոբելյանին իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Հետո նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և այդտեղ 5 օր հսկողության տակ պահել բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը:

Ըստ իրավապահ մարմինների՝ անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո միայն Գրիշա Քոքոբելյանին «աչքերը փակ տեղափոխել են դեպի Իջևան, իջեցրել ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել», որից հետո հեռախոսով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը։ Նույն օրը հարազատները նրան հայտնաբերել են անտառային այդ տարածքում։

Նկատենք՝ վերջին շրջանում Քոքոբելյանների ընտանիքի գործունեության մասին մամուլն ակտիվ գրում էր, մասնավորապես, վերջերս էր հաղորդվել, որ Քոքոբելյանները գնել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբորը պատկանող հիդրոկայանը՝ Մարց գետի վրա: Գնման գործարքից հետո, ըստ մամուլի, այդ ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը: Նա երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան վերադարձել միայն 2018-ի քաղաքական հայտնի իրադարձություններից հետո:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am