Հերհերում ավարտվում, իսկ հարևան համայնքներում մեկնարկում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները. Արցախի նախագահը շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով  իրականացվող աշխատանքների ընթացքին:


Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհի՝ ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է նոր թափ հաղորդել ներհամայնքային ճանապարհների սալապատմանը: Նա այցելել է նաև գյուղի դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հետաքրքրվել է խնդիրներով և նախանշել դրանց լուծման ուղիները:

Ծովատեղ և Քերթ համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները
Երկրի ղեկավարն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս:

Թոշակառու սպաների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական այլ խմբերի, ինչպես նաև հիփոթեքային վարկով ձեռք բերելու համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, սակայն՝ հաշվի առնելով ենթաշրջանում առկա բնակարանային մեծ պահանջարկը, նախագահի հանձնարարությամբ թաղամասի հարևանությամբ կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք:

Դրանց համար նախատեսված ապաստարանները կծառայեն որպես մարզադահլիճներ, իսկ համայնքի դպրոցի համար կառուցվող մարզադահլիճը, որն ապահովված կլինի բոլոր պայմաններով, շահագործման կհանձնվի առաջիկայում:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա – Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները:

Արայիկ Հարությունյանը հետևել է նաև Ստեփանակերտ – Կարմիր շուկա մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Երկրի ղեկավարը ծանոթացել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով օրերս շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։