Կկանոնակարգվի դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը ողջունել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթել  հետագա աշխատանքում:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Քրիստիննե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների մանդատի լիարժեք իրականացման համար կարևոր է համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմինների հետ: «Այդ համագործակցությունն ունենալու է այն կարևոր երաշխիքը, որը պատրաստվում եմ պաշտպանի հաստատության ներքո օգտագործել և ծառայեցնել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ առավել լավ իրավիճակ ստեղծելու գործին»,– ասել է ՄԻՊ-ը: 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մի նոր աննախադեպ երևույթ ունենք  Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիուտի գոյության համար. առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի պաշտոնավարման ժամկետի վերջին օրը: Նախկինում մենք ունեցել ենք Մարդու իրավունքների 4 պաշտպան, և նրանք բոլորն էլ իրենց մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել: Եվ սա կարևոր արձանագրում է սրանից բխող ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հետևություններով»:          

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման, ինչպես նաև Վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի կիրառման բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազման, տարեցտարի կնկատվի  հողերի աղքատացում և բերրիության անկում: Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Վրաստան։ Ծրագիրը հողօգտագործողների համար կստեղծի գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն: Ծրագիրը կիրականացվի 2022 թ. բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը: Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Ընտրանքային մոնիթորինգ իրականացվում է նաև մարզպետարանների կողմից՝ նախարարության հետ համաձայնեցված կարգով։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել: Ըստ նախարարի՝ փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում և որոշվել է  հանդես գալ նրանց աջակցելու ծրագրով: Վահան Քերոբյանը գյուղացիներին  կոչ է արել հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր. «Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրանով  կառավարությունն արձագանքում է շուկայում առկա գնաճին։ «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում:  Բայց մյուս կողմից, միակ լավատեսականը  ստեղծված իրավիճակում կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը։ Իհարկե, այս առումով մենք նաև հասկանում ենք, որ կա զուգահեռ մեկ ուրիշ պրոբլեմ. կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ պրոբլեմներ ենք ունենում, մանավանդ, եթե հաշվի առնենք մեր ջրային համակարգերի մաշվածության աստիճանը: Այդ առումով մենք ձևավորել ենք, պայմանական ասած, օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ՝ սպասվող խնդիրների արձագանքելու համար: Հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք», –ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հիմա արդեն ավելի ակնհայտ է՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, չունի հեռանկար, որովհետև կա ջրի խնդիր.  «Շատ ցավալի է, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրգանական պարարտանյութերի արտադրությունը չի զարգացել: Միտումները ցույց են տալիս, որ  աշխարհում զարգանում է օրգանական պարարտանյութերի արտադրությունը և զուգահեռ էականորեն ավելանում է օրգանիկ գյուղատնտեսական ապրանքի գինը: Այսինքն՝ այդ ուղղությունը դառնում է շատ շահութաբեր բիզնես: Բայց մենք այդ զարգացման ծրագրերը չենք կարողանում պատշաճ ձևով իրականացնել, որովհետև  անընդհատ տեղային փոքր, պայմանական հրդեհներ մարելու տրամաբանության մեջ ենք: Մենք ջրի պրոբլեմի լուծման համար ծրագիր ենք ներդրել. կաթիլային ոռոգման անցնող մինչև 3 հեկտար տնտեսություններն ազատվում են ջրի վարձից, բայց  չգիտենք ի վերջո, գործնականում դա գործարկվում է, թե չէ: Մենք պետք է հետևողական գնանք և աջակցենք»: 

Վարչապետը կառավարության նիստին նեկրա մարզպետների ուշադրությունը հրավիրել է այդ հարցին և նշել. «Առկա է օրգանական պարարտանյութերի արտադրությանը, կաթիլային տնտեսությանն և ընդհանրապես ինտեսիվ գյուղատնտեսության անցնելու հրամայական, որովհետև հին գյուղատնտեսությունից ավելի ու ավելի է մնում «ուրվականը»: Այդ «ուրվականին» կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են, և մենք պետք է շատ ուղիղ, ակտիվ մեր  հայրենակիցներին սա կարողանաք ներկայացնել: Իհարկե, նաև աջակցել նրանց ինչով հնարավոր է: Մենք գյուղատնտեսության ոլորտում 11-ից ավելի զարգացման ծրագրեր ենք ընդունել, որոնք անհրաժեշտ ծավալով չեն աշխատում: Այստեղ մենք պետք է հետևողական լինենք»:   

Կառավարությունը հաստատել է նաև  Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում վերջին երեք տարիներին անասնաբուծության համախառն արտադրանքը նվազել է՝ 2018 թ. 477,1 մլրդ դրամի փոխարեն 2020 թվականին կազմել է 433,8 մլրդ դրամ։ Նվազել է նաև առանձին անասնաբուծական արտադրանքների արտադրության ծավալները՝  միս (սպանդային քաշով) 108,2 հազար տոննայի դիմաց 2020 թվականին արտադրվել է 107,7 հազար տոննա, 2018 թվականին արտադրված 697,7 հազար տոննա կաթի փոխարեն՝ 654,3 հազար տոննա։ Բացի ընդհանուր ցուցանիշների նվազումից, առկա են խնդիրներ նաև սեզոնայնությամբ պայմանավորված կաթի արտադրության և իրացման կազմակերպման հարցում։ Ծրագրի նպատակն է անասանբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել անասնաբուծական հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների ավելացմանը, ինքնաբավության մակարդակի ավելացմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։ Ըստ այդմ՝  առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին տրամադրել առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների  35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։ Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ Որոշման ընդունման կապակցությամբ  պետական բյուջեում ծախսերը  գնահատվում են  շուրջ 17,5 մլրդ դրամ՝ 5 ներդրումային ծրագրի հաշվով՝ 2023-2027 թվականներին՝ յուրաքանչյուր տարի շուրջ 3,5 մլրդ դրամ։ Արդյունքում՝ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, մասնավորապես,  թռչնաբուծության ուղղությամբ 8,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա թռչնի միս՝ շուրջ 8,6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով: Բացի այդ, ակնկալվում է, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 3 տարվա ընթացքում հարկերի տեսքով պետական բյուջե կվերադարձվեն պետության կողմից ներդրված գումարները։

ՄՊՀ նախագահը մանրամասներ է ներակայցրել հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ գների անտրամաբանական անկմանը: Նիկոլ Փաշինյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է նաև,  թե ինչպես է կառավարվելու իրավիճակը, որ, օրինակ, Սրբ. Զատկի տոնին անցյալ տարվա իրավիճակը չլինի: 

Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել թեմայի վերաբերյալ. «Այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայաձև ռեակցիա է եղել: Այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղեր ևս գինն սկսել է իջնել, և շղթայական ռեակցիա է տեղի ունեցել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել: 

Ինչ վերաբերում է Զատկին կամ ընդառաջ՝ եթե մենք կարողանում ենք վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ պատմությունը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք վերահսկել, որովհետև 2 տարվա ընթացքում, կարծում եմ, մեր հարգելի տնտեսվարող սուբյեկտները հասկացան, որ մեր ապացուցողական բազան բավական լավն է, և հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի գործերը հաջողությամբ կարծես թե ավարտեցինք: Իհարկե, դա ցանկալի սցենար չէ, մեր հորդորն այն է, որ ընդհանրապես ինտերվենցիայի կարիք չունենանք: Հիմա Հայաստանում կա, մի կողմից, լավ իրավիճակ, որ ձվի պաշարների ինքնաբավությունը բարձր է, և ունենք պրոֆիցիտ, այդ պոտենցիալի պատճառով է, որ հաճախ սպառումը տեղի չի ունենում, և տնտեսվարողներն սկսում են գինն իջեցնել: Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելու հարցը, այսինքն՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»: 

Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրին. «Եթե թույլ տաք, նաև հավի մսի և տավարաբուծության հետ կապված երկու թիվ հնչեցնեմ՝ այս ծրագրի կարևորությունը մատնանշելու համար: Մենք այս տարի ուսումնասիրել ենք հավի մսի և կաթնամթերքի շուկաները: Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում: Հիմա աշխարհագրությունը ՀՀ-ում փոխվել էր, և ներմուծման հիմնական ծավալը գալիս էր Ուկրաինայի Հանրապետությունից, հասկանալի պատճառներով հիմա կփոխվի ԱՄՆ և Բրազիլիա: Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել – շատ կարևոր հանգամանք է – և՛ արտադրողներին, և՛ ներմուծողներին: Սա ևս աննախադեպ բան է, երբ մենք՝ կառավարությունը, արտադրողներին քվոտա է տվել: Կարծում եմ՝ այս ծրագիրը պետք է բավական հասկանալի լինի տնտեսվարող սուբյեկտների համար, որ հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր իրականում չկա. Հայաստանի Հանրապետությունն ինքնաբավության մակարդակով 30-33 տոկոս է, և այս ծրագրերի նույնիսկ ամբողջական օգտագործման պարագայում մենք ունենք սպառման տեղ, իսկ բիզնեսում ամենակարևորը սպառումն է: Նույնը կաթնամթերքի առումով է, որ մեր ներքին դեֆիցիտը կարողանանք ծածկել»:

Սոցիալապես անապահով սպառողների համար գազի սակագինը չի թանկանա. կառավարության նիստում անդրադարձել են բնական գազի սակագնի փոփոխության հարցին

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գնաճի թեմային: «Ընդհանուր առմամբ պարզ է, որ մենք գտնվում ենք գնաճային միջավայրում, չնայած մենք այս տարվա սկզբին, նախորդ տարեվերջի կանխատեսումներով արդեն մտնում էինք գնաճային կայունացման փուլ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ»: 

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է բնական գազի գնի փոփոխության հարցին. «Մենք քաղաքականությունը տարել ենք հետևյալ կերպ. առաջին՝ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Ես ուզում եմ ձեզ մի նրբության մասին տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է, և ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է: Այս հաշվարկը մենք այս ընթացքում արել ենք միայն ջերմաէլեկտրակայանների հետ կապված,  բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել: Այսինքն՝ փաստացի ավելի կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել: Հիմա, տարբեր հանգամանքներից ելնելով, գիտեք, որ օրինակ՝ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է, և մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար: Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը մինույն ժամանակ շուրջ 100.000 սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում և ինչպես գիտեք որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Շատ կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան ճիշտ գնահատել, թե ինչ է տեղի ունենում»:

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր հերթին նշել է, որ  սպառողներին մատակարարված գազի սակագնի ավելացման հիմնական խնդիրը եղել էր կալորիայի արդեն իսկ հաշվառման խնդիրը. «Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2013 թվականից, երբ «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմ Էքսպորտի» հետ կնքել է պայմանագիր,  արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև: Եվ այս ութ տարիների ընթացքում տարբեր խնդիրներով, քանի որ կուտակված էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է, և իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ համատեղ, կարելի է ասել, գրեթե բոլոր այս 8-9 տարիների կնճռոտ հարցերը «Գազպրոմի հետ» ավարտին ենք հասցնում: Լուծվում է և՛ «Գազպրոմ Արմենիայի» Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահութաբերության խնդիրը, և՛ առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը և կալորիայով: Արդեն իսկ տրամաբանական է, որ մեր սակագնային հաշվարկները պետք է իրականացնեինք այդ կալորիայի ճշգրտումով, որովհետև այդ հարցով միշտ հետաձգվում էինք նաև այս խնդիրների լուծման համար:

Ուզում եմ նաև նշել, որ կալորիան դա գազի ջերմատվության խնդիր է: Կոնկրետ սակագինը հիմա բարձրանում է կալորիայի պատճառով: Որոշակի բարձրացում կլինի, բայց կալորիայի խնդիր այլևս չի լինի, որովհետև եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումը չի երևալու ոչ մի բաժանորդի վրա: Եվ նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի շատ ենք սպառելու, գինն էլ համապատասխանաբար նվազեցվելու է»:

Անդրադառնալով սոցիալապես անապահով սպառողների խնդրին՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ  բոլոր երեք ծառայություններում՝ և՛ խմելու ջրում, և՛ գազում, և՛ էլեկտրաէներգիայում սոցիալապես անապահով սպառողների գները չեն փոխվել: «Բացի այն, որ ունենք սոցիալապես անապահովների խումբ, սահմանամերձ գույղերի ամբողջ ծառայությունների մատուցման 50 տոկոսը սուբսիդավորում է, և 2021 թվականին 762 մլն դրամի սուբսիդիա է տրամադրվել բաժանորդներին: Շուրջ 23 000 բաժանորդ ունենք էլեկտրաէներգետիկական համակարգում և շուրջ 8500 շահառու ունենք գազամատակարարման համակարգում»,-ասել է ՀԾԿՀ նախագահը:

Ամփոփելով՝  վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական նպատակը և խնդիրը եղել է ինստիտուցիոնալ կարգավորել հարաբերությունները գազի մատակարարման ոլորտում: Եվ ես հույս ունեմ, որ այն նախնական պայմանավորվածությունները, որ մենք ունենք, մինչև վերջ կտարվեն և կյանքի կկոչվեն»:

ՀՀ տարածքում նախատեսվում է ավելացնել  ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների տոկոսային կշիռը

ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում»,   «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է  2021 թ. սեպտեմբերի 16-ին կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրով նախատեսված՝ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածի հիմնանորոգման աշխատանքներով: Մասնավորապես, նախատեսվում է 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 3 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 2021 թ. ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված թվով 16 ճանապարհահատվածների ընդունման և 5 տոկոսի վճարման, 2021 թ. տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցված, սակայն չվճարված ծառայությունների վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ առաջարկվում է 6.2 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը այդ միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 26.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 17.4 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8.7կմ: 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված ծրագրերը: Մասնավորապես, հիմնանորոգվել են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման հատվածը, նանորոգում, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը, վերականգնվել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածը, հիմնանորոգվել է Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման հատվածը, Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը: Կառուցվել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածի մայթերը, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի  փլուզված հատվածներում գաբիոնային հենապատեր և այլն: 

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ Սյունիքի մարզի Մ-17, /Մ-2/(Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան ու Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհների կառուցումը: Որոշման նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՀՀ Սյունիքի մարզի տարածքում անխափան, այլընտրանքային երթևեկության ապահովումը: Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է, այդ  ավտոճանապարհների կառուցման շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 4,231,044,262 ՀՀ դրամ, որից՝ 4,163,362,662 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, իսկ 67,681,600 ՀՀ դրամը տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների իրականացման համար։

Կիրականացվեն Երասխի և Մեղրիի հատվածներում կատարված աշխատանքների ենթակառուցվածքի տարրերի տեխնկական վիճակի վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում և ամփոփում

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություն և լրացում նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանք ունենալու պահանջով պայմանավորված:  Ըստ այդմ նախատեսվում  ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար և իրականացնել 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ: Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների (3050մ), 22 սրահների (2400 մ), 5 փոխհատումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակաշարի և 4 կայարանի շենք շինության ակնադիտական և գործիքային հետազննություն, լաբորատոր փորձարկումներ և հաշվետվությունների կազմման աշխատանքներ: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. «Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ, որոնք ուսումնասիրություն կիրականացնեն: Խումբը հիմնականում բաղկացած է Ճարտարապետության ու շինարարության համալսարանի գիտնականներից, որոնց մասնագիտական փորձը բավարար է այդ աշխատանքների պատշաճ իրականցման համար։ Խմբի հետ կաշխատեն նաև Հարավկովկասյան երկաթուղու երկու գործընկեր»: 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է,  որ  երկաթուղու այս հատվածը Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածն է։ «Սա շատ կարևոր իրադարձություն է և կրկին ուզում եմ հույս հայտնել, որ մենք նաև զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։ Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում։ Այսինքն` մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,– ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս ամենը դիտարկվում է  «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակում. «Շատ կարևոր է, որ մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում նաև ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր երթուղիների, այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար: Եվ շատ կարևոր է, որ մենք քննարկում ենք նաև այդ երթուղին «Հյուսիս-հարավ» նախագծի հետ ինտեգրելու հարցը: Այս ուղղությամբ նույնպես արդեն նախաձեռնում ենք դաշտային աշխատանքներ, որպեսզի առավել մեծ կոնկրետություն լինի»:

Կկանոնակարգվի դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը

Դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ՝ առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին դիմելու։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար, նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։ Կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ մոտ 6 ամիս նախարարությունը հանդես  է եկել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և այլ նմանատիպ արտադրատեսակների արտահանման համար լրացուցիչ տուրք սահմանելու նախաձեռնությամբ: «Մենք ներդրեցին լրացուցիչ տուրք, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը մտնի պետբյուջե և ծախսվի կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված կարիքների համար: Նախորդ 6 ամիսների գործողությունը ճշգրտոերն համընկնում է մեր կանխատեսումների հետ: Մենք կանխատեսել էինք, որ 6 ամսվա ընթացքում պետբյուջե կմուտքագրվի մոտ 35 մլրդ դրամ, ու հենց այդքան էլ հավաքագրվել է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ պղձի գներն այսօր ավելի են բարձրացել:   

Վահան Քերոբյանը նշել է, որ   տուրքի չափերը թողվել  է նույնը. «Զուգահեռաբար աշխատում ենք Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսզի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ ընդհանուր տանք այն կարգավորումը, որը առաջիկա տարիներին ավելի արդար և ճիշտ կբաշխի հասույթը ՀՀ քաղաքացիների և ընդերքը շահագործողների միջև»:

Արձագանքելով՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կայացրած որոշումն արդարացրել է սպասելիքները,  և պետք է շարունակել այս պրակտիկան մինչև ռոյալթիի նոր կարգավորումների ընդունումը: 

Վարչապետն անդրադարձել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վերաբերյալ քրեական գործին. «Մի քանի օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել այդ քրեական գործի վերաբերյալ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ՍՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ՍՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Նշանակվել է նաև ստուգում, համալիր հարկային ստուգման մասին է խոսքը, որի շրջանակում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա և ստուգման ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ: Հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին: Ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը և ժամկետը լրանալուն պես՝ անբողոքարկելի դառնալուն, վճարումը կատարվել է և արդեն ունենք պետական բյուջեի եկամուտներ շուրջ 15 միլիարդի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ   15 միլիարդը չի վճարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առկա ակտիվներից,  վճարումը կատարվել է ֆիզիկական անձի կողմից:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս համասեփականատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»: Մենք նաև այս ընթացքում տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել և առաջիկայում մեկ-երկու տեղերում այլ նշանակումներ ևս  կիրականացնենք: Բայց շատ մեծ տնտեսություն է և այդ տնտեսության մասին ամբողջական պատկեր կազմելը և արդյունավետության մակարդակը բարձրացնելը դեռ ժամանակ կպահանջի»:  

Սյունիքի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ  Ղուկասյանին՝ հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։ «Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել: Եվ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասել է վարչապետը:

Ռոբերտ Ղուկասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև կառավարության  սպասելիքներն արդարացնելու համար: 

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է հստակեցնել ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու կարգավորումները

Կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերով առաջարկվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը, ինչը միտված է նաև առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն, վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, նախատեսել իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ և այլն: Նախատեսվում է հանել ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու պահանջը:

   Հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով որպես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում ՀՀ կառավարության լիազորություն նախատեսել հաստատելու նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` այդպիսով ապահովելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:

Կառավարությունը հավանություն է տվել  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու և պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ: 

Հավանություն է տրվել «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:  Օրենքով կկանոնակարգվի ՀՀ-ում  տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում հանրապետությունում կկանոնակարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը: Ըստ հիմնավորման՝ տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ պայմանավորված ՀՀ-ում արտադրված տնկանյութը երբևէ չի հավաստագրվել: 1990-ական թվականներից սկսած հանրապետությունում բացակայում են գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային տնտեսությունները և չի արտադրվում բարձրորակ ու արժանահավատ տնկանյութ: Օրենքի ընդունումը կհանգեցնի՝ ինքնարժեքի նվազման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ավելացման, բերքատվության և բերքի որակի բարձրացման:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:  

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Բիո բերրի» ՍՊԸ-ի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է հիմնել 14,080 մետր մակերեսով հատապտղային ջերմոց։ Վերջինիս մրցակցային հիմնական առավելությունը ջերմատան հագեցվածությունն է ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 780 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 741.8 մլն դրամի կապիտալ ներդրում և 31.4 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է տեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 633.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 32.6 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Ոսկե պինգվին» ՍՊԸ-ն: Ընկերությունը հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը 1997 թվականից զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ, ինչը կրում է սեզոնային բնույթ։ Ներկայումս նախատեսվում է արտադրել նաև կարագ՝ ՌԴ արտահանելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:

Բավարարվել է նաև «Միմո» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում։ Ընկերությունը պլանավորում է ներդնել էկոլոգիապես անվնաս տրանսպորտային միջոցների վարձակալության ծառայություն (էլեկտրական հեծանիվների, մոպեդների, ինքնագլորների և դրանց մարտկոցների ու պահեստամասերի ներմուծում)։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ էլեկտրական հեծանիվների, մոպեդների, ինքնագլորների և դրանց մարտկոցների ու պահեստամասերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 26 նոր աշխատատեղ` մինչև 150,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 360 մլն դրամ։

Կառավարությունը թույլատրել է «Ֆանֆրութ» ՍՊԸ-ին օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 15 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Վերջինիս մրցակցային հիմնական առավելությունը ջերմատան հագեցվածությունն է ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։ Արտադրությունն իրականացվելու է Արագածոտնի մարզում։  Արդեն իսկ իրականացվել է 169 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 55 հիմնական նոր աշխատատեղ` 200,000-260,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 117.4 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ  որոշմամբ  «Ալեքս տեքստիլ» ընկերությունը զրկվել է  զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։ Ըստ հիմնավորման՝  ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ:

Հաստատվել են Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների և Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրերը

Կառավարությունը հաստատել է Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը: Միջոցառման շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ նվազագույնը 694 նմուշների նկատմամբ՝ 40,000.0 հազ. դրամ տարեկան բյուջեով: Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը և նոր շուկաների ձեռքբերմանը:  

 Հավանություն է տրվել նաև Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելացնել կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալները, մնացորդային նյութերի հսկողությամբ կհավաստվի, որ նշված կենդանական ծագում ունեցող մթերքները պարունակում են կամ չեն պարունակում արգելված նյութեր կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների չափաքանակները, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի վերը նշված արտադրանքը ԵՄ արտահանելու համար, միաժամանակ կնպաստի բնակչության առողջության անվտանգության ապահովմանը:

Այլ որոշումներ. կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար  քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը

Կառավարությունը հաստատել է նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  օրենքի և  կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի  պահանջներից: Հիմնավորման համաձայն՝ հասարակական շենք-շինությունների պարագայում՝ խնդրի լուծումը համարվում է ավելի իրատեսական, երբ դրանց մի մասը հանդիսանում է պետական սեփականություն, մյուսը համայնքային, իսկ առանձին դեպքերում նաև մասնավոր՝ անհատին պատկանող: Ըստ այդմ՝  առաջարկվում է մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների՝ այդ թվում  պատմության և մշակույթի հուշարձան համարվող  շենքերի համար մշակել միջոցառումների ծրագիր՝ վերջիններս անհրաժեշտ նախագծային (կոնստրուկտիվ) լուծումներով համալրելու և բնակչության համար մատչելի դարձնելու նպատակով:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման շրջանակներում ծառայությունների ձեռք բերման անհրաժեշտությամբ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում: Մասնավորապես, նախատեսվում է  պաստառների տպագրություն և տեղադրում ՀՀ մարզերում և մայրուղիներում,  մետաղյա կրծքանշանների պատրաստում և այլն: