Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հատուկ ուշադրություն են դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:

Օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա:

Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, իրավապահները րոպեների տարբերությամբ, նույն գյուղի վարչական տարածքում ստուգել և ոստիկանության Իջևանի բաժին են բերել Սևքար գյուղի 36-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով։