«Մեր գյուղը եթե հետ տան, մենք բոլորս պատրաստ ենք գնալու մեր գյուղ, նորից հիմքից, ամեն ինչից ստեղծենք, դնենք»,- ասում է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում ծնված-մեծացած 48-ամյա Աստղիկ Ավանեսյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվել է իր տնից և ապաստան գտել Արարատի մարզի Բյուրավան գյուղում։
«Մի ամսվա ընթացքում ինչքան սթրեսների մեջ ենք ընկել, խփում էին, ձենները տան մեջ, բայց չէինք ուզում գյուղից դուրս գալ։ Հոկտեմբերի 27-ին որ մտան մեր կողքի գյուղը, մենք դուրս եկանք, ես՝ խալաթ հագած, գյուղի ժողովուրդը, ոչ ոք ոչ մի բան չհասցրեց վերցնել։
Մեր գյուղապետը զանգեց, ասեց՝ շուտ հավաքվեք, մտել են կողքի գյուղը, դուրս գալուց հետ նայեցի տանը, դռանը նայեցի ու դուրս եկա։ Մենք բոլորս էլ ուզում էինք մնալ մեր գյուղում, ոչ ոք չէր ուզում դուրս գալ, սաղն էլ ուզում էին մնալ, ժողովուրդը լավն էր, աշխատասեր։
Ասում էինք՝ պայքարենք, մեր գյուղը պահենք, դե, էդ էլ չեղավ։ Մեր գյուղի ժողովուրդը ուժեղ ժողովուրդ ա, բայց չկարողացան, դե, էս զենքի կռիվ չէր, օդային էր, եսիմ ինչեր էին բաց թողնում»,- հուզմունքով ասում է Ավանեսյանը։
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ տեղահանվեցին, լքեցին իրենց տները՝ իրենց հետ չվերցնելով ոչինչ։
44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին են վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, որտեղ իր տունն ու ապրուստն էր ստեղծել Անահիտ Ավանեսյանը։
«Ես հիմա էլ ոչ մի տեղ չեմ կարում հարմարվեմ, ամեն օր նստում եմ, նայում մեր գյուղի նկարները։ Մենք վիդեոներով տեսել ենք՝ մեր տան վիճակն ինչ ա, սաղ մեր տան ապրանքը դուրս են հանել, խորոված են անում մեր հայաթը։
Հիմա Քարինտակ անունը լսում եմ, սիրտս մղկտում ա»,- հուզմունքը զսպելով ասում է Ավանեսյանը։
Ավանեսյանի ամուսինը, եղբայրը, երկու քույրերի ամուսինները զոհվել են Արցախյան պատերազմների ընթացքում, սակայն Աստղիկ Ավանեսյանի խոսքով՝ իր ընտանիքի ցանկությունն է նորից վերադառնալ և կառուցել իրենց կյանքը Արցախում, երազանքն է, որ այն հնարավոր լինի իրականացնել հենց Քարինտակ գյուղում:
«Ես մեր գյուղն եմ ուզում։ Մենք էնտեղ ենք ծնվել, մեծացել։ Ես Քարինտակը շատ եմ սիրում, ամեն ինչը կարոտում եմ, Քարինտակը հետ տան, ես չեմ վախենում, ես պատրաստ եմ գնալ ու մեր գյուղում ապրել»,- ընդգծում է Ավանեսյանը։
Ավանեսյանի ընտանիքը Բյուրավանում հարազատի տանն է ապաստանել, ասում է՝ պայմանները լավը չեն, էլեկտրաէներգիայի գումարը նախատեսվածից շատ է եղել, ծախսերը շատ են, ֆինանսները՝ սահմանափակ, պետությունից աջակցություն ստացել են, բայց չի բավականացնում:
«Պատկերացրեք, որ ոչ մի բան չունեինք, էս առնես, էն առնես, էլ լվացքի մեքենա, նորմալ շոր չունեինք, խալաթով եմ դուրս եկել տնից։ Լույսը թանկ ա, մենք էլ չէինք իմացել, որ էդքան կլինի, 47 հազար մենակ լույսը գրեց: Մեզ մեկն ասեց՝ արխային վառեք, կտանք, չտվեցին, հովանավոր էր, ինչ էր: Մենք էլ ցախ չունեինք ընդհանրապես, արխային պլիտան վառեցինք, չնայած չենք էլ տաքացել, հարմարությունները լավը չեն, լույսի մարդը գնում-գալիս էր, ասում էր՝ անջատելու եմ, սաղ էդ փողերը տվեցինք, ծախսվեց»,- պատմում է Ավանեսյանը։
Ավանեսյանն ասում է, որ միակ մեծ խնդիրը այժմ տան հարցն է, կեցության խնդիրը լուծվի, մնացածը կստացվի․ «Եթե տունը լինի, ամեն ինչին կհարմարվենք, մենք պիտի աշխատենք, հողի հետ կապ ունենանք, Արցախում գյուղերից մեկում էլ տուն լինի, մենք բոլորս աշխատասեր ենք, կստեղծենք։
Մենք էլի պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մեր հայրենիքի, մեր երեխեքի համար»,- ասում է Ավանեսյանը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am