Մենք, իհարկե, ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային, բայց այդ ապագան ճիշտ կառուցելու համար, պետք է ճիշտ գնահատել անցյալը։ Այդ մասին այսօր Արցախում հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ իր խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խորհրդանշական է համարել այն, որ այսօրվա միջոցառմանը պարգևատրվում են արցախյան ազատամարտի առաջին և ներկա սերունդների ներկայացուցիչներ։
«Այսօրվա միջոցառումը ձայնակցվում և ներդաշնակվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ: Դուք ասում եք, որ Սարդարապատը շատ սիմվոլիկ տեղ է մեր ժողովրդի պատմության համար, մեր ազատամարտի պատմության համար, բայց Ստեփանակերտը պակաս սիմվոլիկ տեղ չէ: Այստեղ մենք ևս ունենք խորհուրդ Առաջին հանրապետության ձևավորման և Երրորդ հանրապետության ձևավորման, ազատ, անկախ Արցախի ձևավորման այս ամբողջությունը, այս սիմվոլ, որը չափազանց կարևոր է:
Մենք պետք է գնահատենք մեր անցյալի արժեքները, մեր նոր ու նորագույն պատմության արժեքները: Երեկ ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացավ Ռուբեն Սանամյանը: ՀՀ ազգային հերոսը երեկ պարգևատրվել է և այսօր կապիտան Սանամյանը կատարում է իր պարտքը հայրենիքի պաշտպանության գործում: Սա նոր սիմվոլ է, նոր ճանապարհ ու նոր ընկալում է, որն արժևորում է, փառաբանում է անցյալի մեր հերոսներին: Այսօր սխրանքի գնացող մեր զինվորներն ու սպաներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին»,-իր ելույթում ասաց Փաշինյանը: