Իսպանական Յորետ դել Մարը քույր քաղաք կունենա Հայաստանում

Իսպանական Յորետ դել Մար քաղաքը սերտացնում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Միջհամայնքային կապերի ամրապնդման հարցերն են քննարկել Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Յորետ դել Մարի քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսը՝ ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարի աշխատանքային այցի ժամանակ։

Յորետ դել Մարի քաղաքապետարանում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ու քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսը քննարկել են Յորետ դել Մարը Հայաստանի քաղաքներից մեկի հետ քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը, կարևորել են տեղի հայ համայնքի կողմից իրականացվող քայլերն  երկկողմ կապերն ամրապնդելու գործում:

Հանդիպումից հետո դեսպան Կարմիրշալյանն ու Յորետ դել Մարի քաղաքապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին այցելել են այն հրապարակ, որտեղ 2019թ. տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Յորետ դել Մարի այս հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ առաջիկայում տեղադրվելու է նաև հայկական խաչքար: Այցի շրջանակներում դեսպան Կարմիրշալյանը նաև հարցազրույց է տվել տեղի Nova Radio LLoret հեռուստառադիոընկերությանը, որտեղ խոսել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների և տեղի հայ համայնքի մասին:

Այդ մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։