ՊԵԿ. հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։

Մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ անցկացված մաքսային հսկողության` անձնական մաքսային զննման արդյունքում վերջինս հագուստի գրպաններից դուրս է բերել և ներկայացրել է 6 պոլիէթիլենային փաթեթ` 358 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածների պարունակությամբ:

Փաստի առթիվ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով  հանցագործության հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում  քաղաքացի Կ.Գ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։