Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը

Օրերս Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արձակագրի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացման առաջնախաղը։

Բեմադրության հեղինակը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։

Ներկայացման առաջնախաղին ներկա էին` ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը,Հայաստանի Հանրապետության թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, թատերագետ Սոնա Մելոյանը, Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և մի խումբ մտավորականներ։

Ներկայացման մտահղացումը ծնվել է շատ պատահական, երբ Վահե Շահվերդյանն ու թատրոնի գրական մասի վարիչ Սամվել Խալաթյանը հարմար տեղ էին փնտրում նախորդ՝ «Մի ֆունտ սիրտ» ներկայացման համար, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 8-ին։ Զորյանի այգին տեսնելով՝ ծնվում է գաղափարը՝ հանդիսատեսին մատուցել գրողի ստեղծագործությունն իր իսկ այգում։

Համապատասխան թույլտվություններ ստանալով համայնքապետարանից և թանգարանի տնօրինությունից՝ ստեղծագործական խումբն սկսում է աշխատանքները, իսկ արդյունքում մենք ունենք հետաքրքիր լուծումներով ներկայացում, որն արժի դիտել։  

Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերը վաճառվել են դեռ օգոստոսից։

Այս մասին տեղեկացնում է թատրոնի լրատվական բաժինը։