«Սմերչները» կժամադրվեն Հայաստանում

«Սմերչները» կժամադրվեն Հայաստանում
«Սմերչները» կժամադրվեն Հայաստանում

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հարցազրույցը «Կրասնայա Զվեզդա» պարբերականին, թե Լեռնային Ղարաբաղն իրեն ուժով ենթարկեցնելու Ադրբեջանի փորձի դեպքում ռազմակայանը կներգրավվի ռազմական գործողությունների մեջ, Հայաստանում մեծ արձագանք է գտել:

Ըստ երեւույթին, Ռուզինսկին ինքն էլ զարմացած կլինի, թե այդ ինչ կարեւոր բան է ասել, որ իր խոսքն առաջացրել է այդպիսի աժիոտաժ եւ գրավել այդպիսի ուշադրություն:

Հասարակության մի մասը թեթեւացած շունչ է քաշում՝ «բա որ ասում էինք, բա որ պնդում էինք, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի»: Շատերին ուրախացրել է նաեւ այն, որ Ռուզինսկին ասել է Հայաստանում «Սմերչի» առկայության մասին, որ կա ռազմակայանի տրամադրության տակ:

Իդիլիան գրեթե կատարյալ է՝ Ռուսաստանը վերջապես հայտարարել է, որ Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգության դեպքում անպայման կմիջամտի:

Ռուզինսկին իհարկե ոչինչ չի ասել այն մասին, թե ինչու է 102-րդ ռազմակայանը զորավարժությունից հետո զենքերը թափած թողնում վարժարանի տարածքում, իսկ վարժարանն էլ բաց թողնում կողմնակի անձանց ելումուտի համար, ինչի հետեւանքով մի քանի ամիս առաջ մահացան երկու հայաստանցի անչափահաս տղաներ՝ նրանք ռուսական վարժարանի տարածքում զորավարժությունից հետո թողած զենք էին գտել:

Լավ կլիներ, եթե Ռուզինսկին ասեր, թե ով է պատասխան տալու հայաստանցի երկու անչափահասների կյանքի համար: Դա Հայաստանի անվտանգության համար պակաս նշանակություն չունի, քան ռազմակայանի այսպես ասած դե յուրե իրավասությունը: Դա արդեն իսկ բնութագրում է այդ ռազմակայանին:

Ինչ վերաբերում է Ռուզինսկիի հայտարարությանը Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգության դեպքում միջամտելու մասին: Իսկ որեւէ մեկի համար դա գաղտնի՞ք է, կամ զարմանալի՞ է, որ ռուսական զորքը միջամտելու էր: Մի՞թե դրա համար հատուկ հայտարարություն էր պետք: Թե ինչու կամ ինչի ազդեցության տակ է Ռուզինսկին բացվել, հայտնի չէ, բայց երեւի թե միայն հայաստանցիների մի մասի համար էր գաղտնիք, որ ռուսները կմիջամտեն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում:

Ամբողջ հարցն այն է, թե ինչպես եւ երբ են միջամտելու ռուսները: Այնպես, ինչպես Հարավայաին Օսիայո՞ւմ, երբ ռուսական զորքը Օսիա տանող թունելի բերանին մարտական պատրաստությամբ սպասում էր, որպեսզի Վրաստանը նախ գրավի Օսիան, որ հետո ռուսական «ազատարար» զորքը մտնի: Մոսկվան միանգամայն ի զորու էր կանխարգելել Օսիայի վրա հարձակումը, սակայն այդ դեպքում կտուժեր «ազատարարի» համբավը: Ինչ որ բան «ազատելու» համար պետք է նախ թույլ տաս եւ նույնիսկ օգնես, որ գրավեն այդ ինչ որ բանը, ավիրեն, որպեսզի հետո թագավորես ավերակների վրա:

Ռուսաստանի տեխնոլոգիական ռեսուրսները թույլ են տալիս միայն ավերակների վրա թագավորել: Շինությունների վրա թագավորելու համար քաղաքակրթական եւ տեխնոլոգիական մեծ ձեռքբերումներ են պետք, այլապես օլիմպիական կրակը մի հարյուր անգամ հանգում է, մինչեւ տեղ է հասնում:

Հայաստանի հանդեպ էլ Ռուսաստանն ընդամենը «ազատարարի» իր գործառույթն է իրականացնելու: Այսինքն, նախ պետք է թույլ տալ ու օգնել, որ Ադրբեջանը գրավի Արցախը եւ գուցե Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններ՝ դրա համար Մոսկվան Ադրբեջանին ապահովում է համապատասխան հարձակողական սպառազինությամբ, իսկ հետո արդեն «ազատագրել» Հայաստանը: Այսինքն, Բաքվի ձեռքով կոտրել Հայաստանը, վերածել ավերակների, իսկ հետո արդեն սեփական ոտքով անցնել ու թագավորել այդ ավերակների վրա: Այդպես ավելի էժան է նստում թագավորությունը: Կարդալ ավելին