Մարուքյանը՝ Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ

Հարգելի վանաձորցիներ,

Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։

Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։

Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատները ունեն հետևյալ տեսքը.
• «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ / 1 մանդատը = 854 քվե
• «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ / 1 մանդատը = 922 քվե
• ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ / 1 մանդատը = 962 քվե
• Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 742 քվե
• «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 720 քվե
• «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ
Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ Լուսավոր Հայաստանի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։
Թե օրենքի տեսանկյունից և թե այս 1314 վանաձորցու տեսանկյունից, Լուսավոր Հայաստանի պահանջը լիովին հիմնավորված է»։