Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե գործող Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է, ուստի նախագծի բոլոր հոդվածները նոր են լինելու։
Գալյանը նշել է, որ նոր Սահմանադրությունում տեղ կգտնեն եվրոպական հիմնարար իրավունքներին, պետական կառավարման կարգին, իշխանության ճյուղերի տարանջատմանն ու հավասարակշռմանը, ինչպես նաև սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմիններին վերաբերող դրույթները։
Նախարարը հորդորել է սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո, նրա խոսքով, հնարավոր կլինի ունենալ բովանդակային քննարկումներ։
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը՝ Գալյանը հարց է ուղղել՝ արդյոք ընդդիմադիրները կողմ են Ղարաբաղյան շարժման մեկնարկին։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորումը պետք է լինի պետական նպատակ, ապա պետք է բացատրի, թե ինչու է ցանկանում պահպանել Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրության մեջ։
Նախարարը նշել է, որ Անկախության հռչակագրում առկա է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին դրույթ, մինչդեռ նոր Սահմանադրությամբ կարող է ամրագրվել Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության կարգավիճակը։



















