Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավվածության մասին հայտարարությունները զինված կոնֆլիկտին այլ բնույթ են հաղորդում. միջազգային իրավունքի մասնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրերին տեղեկություն եղավ, որ Ադրբեջանի իշխանությունները Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխել Ադրբեջան՝ սահմանին Արցախի դեմ կռվելու համար։ Մի շարք երկրներ անդրադարձան այս հարցին, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ի՞նչ անելիք ունի։

– Փաստն այն է, որ մարդիկ գալիս են այնպիսի կազմակերպություններից, որոնք ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչը նշանակում է, որ բոլոր պետությունները, եթե ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, պետք է քրեական հետապնդման ենթարկեն այդ անձանց և դատապարտեն։ Ահաբեկչության դեմ պայքարը բխում է միջազգային սովորութային իրավունքից։ 

Եթե անգամ ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ նման հիմք, միջազգային պարտավորությունը պահանջում է այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և, առավել ևս, թույլ չտալ նրանց մուտքը զինված ուժեր։ 

Երբ արդեն կատարվեցին հայտարարություններ, որ այստեղ են տեղափոխվել ոչ միայն վարձկաններ, այլ նաև միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ, դա այս զինված կոնֆլիկտին արդեն բոլորովին այլ բնույթ հաղորդեց։

Սա նշանակում է, որ սա ֆինանսավորվում է ահաբեկչական կենտրոններից, ինչն էլ նշանակում է, որ ցանկացած պետություն իրավունքի ուժով կարող է միջամտել և կանխել նման մարդկանց և՛ ժամանելը, և՛ գտնվելն այստեղ, և՛ նրանց քրեական հետապնդման ենթարկել։ 

Այսինքն՝ դա բարձրացնում է պետության միջազգային պատասխանատվության հարց։ Էլ չեմ խոսում այն մասին, որ դա սարսափելի վնասում է պետության միջազգային հեղինակությանը։

– Մեր դիվանագիտությունը կարծես այդ ուղղությամբ աշխատանք տանում է, քաղաքակիրթ աշխարհից ի՞նչ արձագանք ենք տեսնում։

– Նախևառաջ՝ հայտարարություններ։ Սա դեռ սկիզբն է, և եթե իրավական գործընթացներ պետք է սկսվեն, այդ ամենը պետք է ամրագրվի՝ որպես հավաստի փաստական տվյալ։ 

Իսկ դա արդեն աշխատանք է՝ կախված նրանից՝ դա կապացուցվի՞, թե՞ ոչ։ Այդ մասին սկզբում գրեցին լրատվամիջոցները, իսկ հետո արդեն որոշ պետություններ հանդես եկան քաղաքական հայտարարություններով։

– Ֆրանսիայի նախագահն է մասնավորապես այս հարցը ակտիվ բարձրացնում, ասաց, որ ապացույցներ կան ։

– Բնականաբար, նման ապացույցներ առաջինը ձեռք են բերում հետախուզական մարմինները։ Բայց եթե հետագայում այդ փաստական տվյալներն ամրագրվեն այն աստիճանի, որ ապացույցներ ձեռք բերվեն, արդեն պետության միջազգային պատասխանատվության հարցն է բարձրանում։

Շատ է շեշտվում նաև այն հարցը, որ եթե միջազգային հանրությունն այսօր աչք է փակում այս խնդրի վրա, սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Եթե միջազգային հանրությունն այս խնդրին պատշաճ ուշադրություն չդարձնի, դա ի՞նչ է նշանակում։

– Դա նշանակում է, որ պետությունները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետություն։ 

Իսկ դրա հետևանքը կարող է լինել այն, ինչ մենք ունեցանք Մերձավոր Արևելքում, երբ ի վերջո ահաբեկչական կազմակերպությունը մի հսկայական պետություն ստեղծեց մայրաքաղաքում, որն էլ բերեց փախստականների մեծ հոսք դեպի Եվրոպա։ 

Դրա համար բոլոր պետությունները, հատկապես եվրոպական, շահագրգռված են, որ ահաբեկչությունն ընդհանրապես տեղ չունենա զինված հակամարտություններում։

– Վերջին երկու օրերին տարբեր պետությունների հայտարարությունները ի՞նչ են ցույց տալիս, դրական տեղաշարժ կա՞ այս հարցում։

– Համոզված ասելու համար դեռ բավարար չէ, կան մի քանի տվյալներ՝ որոշ լրագրողներ հարցազրույցներ են վերցրել, որոշ հետախուզական տվյալներ ունեն։ Մեծ հաշվով սա դեռ բավարար չէ, այսօր խոսքը մոտ 350 մարդու մասին է։ 

Բայց եթե մենք խորանանք, դա նախևառաջ տվյալ պետության օրենքի խախտում է։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանում չկա օրենք, որ զինված ստորաբաժանումներում կարող են ներգրավվել ոչ միայն օտարերկրյա անձինք, այլ նաև օտարերկրյա պետությունում ահաբեկչական ճանաչված խմբավորումներ։

Այսինքն՝ սա առաջին հերթին հենց Ադրբեջանի ներպետական իրավունքի խախտում է։ Խախտում է նաև այն, որ եթե նրանք գիտեն, որ տվյալ անձը ահաբեկչական խմբավորման անդամ է եղել, պարտավոր են իրավունքի ուժով քրեական հետապնդում սկսել նրա դեմ։ 

Մինչդեռ նրանց վստահվել է գործադիր իշխանություն։ Այսինքն՝ երբ նրանց տրվում է Ադրբեջանի անունից ռազմական գործողությունների մասնակցելու մանդատ, դա նշանակում է, որ գործադիր իշխանության իրավունք է տրվում նրանց։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am