Սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը

Լուսանկարում՝ Նուբար Աֆեյանը (https://auroraprize.com)

Կորոնավիրուսի արագ տարածման ֆոնին դեղագործական ոլորտի առաջատար ընկերությունները փորձում են հնարավորինս արագ ստեղծել պատվաստանյութ։

Այդ ընկերությունների շարքում է Մասաչուսեթսում` Քեմբրիջում հիմնադրված Moderna Therapeutics ընկերությունը, որի համահիմնադիրը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է:

Moderna Therapeutics-ի ստեղծած պատվաստանյութի նմուշի առաջին դեղաչափը մարտի 16-ին ներարկվեց կլինիկական փորձարկումների առաջին մասնակցին։

Վերջերս «Սիվիլնեթը» հրապարակել էր հարցազրույց Moderna Therapeutics-ի համահիմնադիր ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանը անդրադարձել էր նաև պատվաստանյութի թեստավորման ժամկետներին։ Ըստ նրա՝ այդ փուլերը երեքն են։ 

«Առաջին փուլը զուտ նայում է, թե արդյոք առողջ մարդկանց համար դա անվտա՞նգ է, որից հետո այն փորձարկվելու է ավելի մեծ խմբի վրա, որը կլինի երկրորդ փուլը: Դա կտևի մի քանի ամիս։ 

Այնտեղ դուք փորձում եք տարբեր փոփոխականներ, մասնավորապես` թե որն է առավել արդյունավետ դոզան, որն ստեղծում է ուժեղ իմունային պատասխան: Միայն երրորդ փուլում է, որ փորձարկվում են հազարավոր մարդիկ:

Հազարավոր մարդկանց վրա փորձարկման երկու հիմնական պատճառներ կան: Մեկը` համոզվել, որ այն լայնորեն անվտանգ է, ոչ միայն 10-20 մարդու համար: Երկրորդ պատճառն այն է, որ հարկավոր է որոշակի թվով մարդիկ վիրուսի ազդեցության գոտում` երաշխավորելու, որ գոնե նրանցից ոմանք կարող են շփում ունեցած լինել վիրուսի հետ, որպեսզի հնարավոր լինի տեսնել բուժման ազդեցությունը:

Այսինքն՝ եթե բնակչության 10 տոկոսը ենթարկվեր վիրուսի ռիսկին, ապա ավելի փոքր փորձարկում կարվեր: Բայց քանի որ թվերը դեռևս բավականին փոքր են որպես բնակչության տոկոս, պետք է փորձարկվի մեծ թվով մարդկանց վրա»,- նշել էր նա։ 

Այս բոլոր երեք փուլերի հաջող ավարտից հետո միայն պատվաստանյութը զանգվածային հասանելիություն ձեռք կբերի։ Ըստ Աֆեյանի՝ այս գործընթացը կարող է տևել 12-18 ամիս։ 

Ուշագրավ է, որ COVID-19-ի դեմ Moderna Therapeutics-ի պատրաստած պատվաստանյութի նմուշը ստեղծվել է նոր մեթոդաբանությամբ։

Պատվաստանյութը ոչ թե վարակում է պատվաստվող մարդուն վիրուսի մոլեկուլներով, որպեսզի նա իմունիտետ ձևավորի, այլ ուղարկում է նրա իմունային համակարգին վիրուսի գենետիկ կոդի մասին տեղեկություններ՝ ինֆորմացիան կրող մակրոմոլեկուլի՝ ՌՆԹ-ի միջոցով (ռիբոնուկլեինաթթու՝ գենետիկական նյութ, որն առկա է մարդու օրգանիզմում)։ 

Moderna Therapeutics-ը նաև փորձում է ստեղծել քաղցկեղի անհատական պատվաստանյութ (PCV): «PCV-ն պահանջում է շատ արագ մեթոդաբանություն, որը անցնում է հիվանդի ուռուցքի հաջորդականությունից՝ անտիգենները նույնականացնելու, դրանք շատ արագ պատրաստելու, սրվակի մեջ դնելու և առաքելու համար, որպեսզի փորձարկվի հենց այդ նույն հիվանդի վրա: Աշխատանքային հոսքը նույնն է, ինչ այն, որն օգտագործելու ենք COVID-19-ի համար»,- հայտնել էր Աֆեյանը «Սիվիլնեթին»:

Հենց այս մոտեցումն էր թույլ տվել ստեղծել պատվաստանյութի նմուշը ռեկորդային արագությամբ՝ ընդամենը 40 օրում։ 

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ի երեկոյան նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա:

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի,
աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 183,065 է: Վիճակագրության համաձայն՝ արձանագրվել է 7,175 մահվան դեպք, առողջացել է 79,891  մարդ:

Մարտի 16-ի տվյալների համաձայն, Հայաստանում հաստատվել է 52 կորոնավիրուսով հաստատված դեպք:

MediaLab.am