«Մեզ բնակարան է պետք». քսան տարի անց Բաքվից բռնագաղթածները դեռ անօթևան են

«Մեզ բնակարան է պետք». քսան տարի անց Բաքվից բռնագաղթածները դեռ անօթևան են
«Մեզ բնակարան է պետք». քսան տարի անց Բաքվից բռնագաղթածները դեռ անօթևան են
Հեղինակ MediaLab

«Նաիրի» հյուրանոցի շենքի մի հատվածում շինարարություն է: Բայց փոշու և աշխատանքային աղմուկի մեջ մարդիկ են ապրում: Կիսաքանդ շենքում, շինարարական եռուզեռի կենտրոնում բնակվում են Բաքվից եկած փախստականները, որոնք հրաժարվում են հեռանալ այստեղից:
Նրանցից մեկը տիկին Ռաիսան է: Նա իր թոռնուհու հետ ապրում է «Նաիրի» հյուրանոցի սենյակներից մեկում: Մոտ 6 քմ այս տարածքն այսօր հոսանքազուրկ է: Ներսում ցուրտ է, ինչպես դրսում: Այդուհանդերձ բնակիչները հրաժարվում են հեռանալ այստեղից:
«Ես չեմ ուզում տեղափոխվել, որովհետև հոգնել եմ նման պայմաններում ապրելուց: Ես արդեն 14 տարի է` ապրում եմ էս հյուրանոցում: Ես էստեղ եմ 98 թվականից:

Այժմ, ապրելով թիվ 325 սենյակում, բնակարանի համար մուծում եմ ամսական 1000 դրամ, բայց քանի որ թոռնուհուս հետ եմ ապրում, մուծում եմ 2000: Կողքի սենյակում ապրում է  որդիս` կնոջ և երեխայի հետ: 6 քմ տարածքում երեք հոգով անհնարին է ապրել»,- «Մեդիալաբին» ասում է 57-ամյա Ռաիսա Խաչատուրովան:

«Նաիրի» հյուրանոցի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը բացատրում է, որ հյուրանոցը ներկայումս Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի «Նաիրի» մասնաճյուղն է: 1990 թվականի Բաքվի հայտնի դեպքերից հետո հյուրանոցն ընդունեց փախստականների: Այդ ժամանակ այստեղ ապաստանեց 140 ընտանիք, մոտ 320 մարդ: Ներկայումս նրանց թիվը կազմում է 160 մարդ, մոտ 85 ընտանիք:

«Հյուրանոցը երբեք պետական սեփականություն չի եղել: Մենք բարի կամք ենք դրսևորել, ցանկացել ենք օգնել մեր հայրենակիցներին` նրանց օթևան, կացարան տրամադրելու հարցում: Մենք սա նրանց անվճար տրամադրեցինք: Հետագայում կառավարությունը որոշում կայացրեց, որ նրանք պետք է կոմունալ վարձերը վճարեն: Փախստականների համար ամենալավ պայմանները մեզ մոտ են, որովհետև ամեն սենյակ ունի իր կոմունալ հարմարությունները»,- ասում է պարոն Սիմոնյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը կազմված է 11 անդամներից, որոշել է շենքի մի մասը ծառայեցնել որպես տուրիստական հանգրվան, որի արդյունքում այն վաճառվել է: Գնորդը «Նաիրի բիզնես տուրն» է, որը և պարտավորվել է վերանորոգել շենքը:

Վաճառված հատվածում ապրում էր 41 փախստական ընտանիք: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց նրանց տեղափոխել շենքի մյուս թևը:

«37 ընտանիք տեղափոխվեց, չորսը չհամաձայնվեցին: Ինչո՞ւ չեն համաձայնվում, երբ ավելի լավ, վերանորոգված կացարան են տալիս: Ասում են` մենք բնակարան ենք ուզում: Իսկ բնակարան տալու մենաշնորհը պետությանն է»,-«Մեդիալաբին» ասում է Հովհաննես Սիմոնյանը:

Հյուրանոցի աշխատակցուհին ցույց է տալիս շենքի մյուս թևում փախստականների համար նախատեսված համարները և ասում. «Նայե´ք, այստեղ նույնիսկ ավելի արևոտ է»: Այնուհետև նա թակում է շենքի կառուցապատվող կողմից վերջերս այս թև տեղափոխված տիկին Իրինայի դուռը: Վերջինս տնօրինության հետ խնդիր չունի, սակայն բնակարանի հարցն այս ընտանիքում էլ է առաջնային:

«Բանն այն է, որ մենք արդեն 20 տարի է` ապրում ենք այստեղ: Ռուսաստանում փախստականները վաղուց բնակարան են ստացել, իսկ մենք այստեղ ենք: Իսկ ընդհանրապես, իհարկե, պարոն Սիմոնյանը լավ ղեկավար է, օգնում է: Այս դեպքում բողոքներ չկան: Եվ միակ բանը, որ մենք ուզում ենք, մեր անկյունն է: Բնակարան: որպեսզի մարդավարի ապրենք»,- ասում է տիկին Իրինան:

Այդուհանդերձ որոշ փախստականներ շատ են հոգնել ու որոշել են այլևս ոչ ոքի ոչ մի հարցում չզիջել:

«Պետությո´ւն, ուրախացի´ր, որ մենք եկել ենք: Մենք երեխաներ ունենք, թոռներն են մեծանում այստեղ: Ուրախացի´ր: Իսկ դու մեզ դուրս ես վռնդում: Ստիպում ես, որ փախնենք»,- ասում է փախստական 70-ամյա Սոֆյա Կասպարովան:

Նրան է միանում վրդովված հարևանուհին` 30-ամյա Ռադա Մանգասարովան:

«Այժմ միակ հարցը, որ մեզ անհանգստացնում է, այն է, որ հյուրանոցը գնել են, թող բարի լինեն մեզ ապահովել կա´մ բնակարանով, կա´մ գումարով: Մենք չենք կարող էսպես ապրել: Երկու ամիս է` առանց հոսանքի ենք նստած: Ես տանը երկրորդ կարգի հաշմանդամ մայր ունեմ, որն ինսուլտով պառկած, դողում է: Որքա՞ն կարելի է էսպես ապրել»,- բողոքում է նա:

Հետո Ռադան պատմում է Բաքվում հայերի հալածանքների մասին, ու նրա ձայնը դողում է: Հարևանների աչքերը նույնպես լցվում են: Բաքվի ջարդերը հիշելիս «Նաիրի» հյուրանոցում ապաստան գտած մարդիկ մինչև օրս էլ հուզվում են: Յուրաքանչյուրն իր դժվար ու դժբախտ պատմությունն ունի: Որոշ փախստականներ, սակայն, բողոքում և հուզվում են նաև վերջին 20 տարիների ընթացքում իրենց հետ կատարվածից: Նրանց կարծիքով` պետությունը մոռացել է իրենց:

«Մենք Սիմոնյանից չենք բողոքում, մենք բողոքում են պետությունից, այս հյուրանոցի գնորդից: Ես չգիտեմ` ո´վ է գնել, թաքցնում են իսկական գնորդի անունը: Բայց մեզ  համար մեկ է` նա ով է, չէ՞ որ մարդ է գնել, բարի եղիր ապահովել մեզ»,- ասում է Ռադան:

«Մենք ուզում ենք մարդու պես ապրել,- լաց է լինում տիկին Ռաիսան,- մենք անասուն չենք, որ մեզ մի տեղից մի տեղ են քշում: Մենք այստեղ մեր կամքով չենք հայտնվել: Մեզ ոչ ոք մարդ չի համարում: Անիծվի էն օրը, որ մենք ոտք դրեցինք Երևան»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am