Երբ երկրի ղեկավարը սովորական սուտասան է կամ ՀՀ Կառավարության «գառների լռությունը»

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահն իր հերթական հոխորտանքների շրջանակում անդրադարձել է բնապահպանական թեմաների, մասնավորապես նշելով, որ Հայաստանը 60. 000 հեկտար անտառներ է ոչնչացրել Արցախում՝ մանրահատակ պատրաստելով և վաճառելով:

Ինչ խոսք, կան թեմաներ, որտեղ Իլհամ Ալիևն  իրեն բավական հարմարավետ է զգում, օրինակ՝ ինչպես կազմակերպել ընտանեկան բռնապետություն, ժառանգել գահը կամ ինչպես երկրի փոխնախագահ նշանակել սեփական կնոջը:  

Սակայն բնապահպանությունը  ակնհայտորեն Ալիևի դաշտը չէ,  հաշվի առնելով, որ բնապահպանական միջազգային ինդեքսներում, ինչպիսիք, օրինակ` հեղինակավոր Յելի համալսարանի կողմից հրապարակվողն է,  Ադրբեջանը զբաղեցնում է հեռավոր 104-րդ տեղը՝ ամեն տարի վատթարացող գնահատականներով,  առնվազն երկու անգամ զիջելով անընդհատ իր գնահատականը լավարկող Հայաստանին:

Այսօր միջազգային հանրության մոտ «Ադրբեջան» բառը օբյեկտիվորեն ավելի շատ ընկալվում է որպես բնապահպանության հականիշ, քան բնապահպանության հետ որևէ կապ ունեցող երկիր:

Իհարկե, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով գնվող գազի պայմանագիրը ներկայացնել ԵՄ կլիմայական նպատակներին հասնելու լավ գործիք, սակայն դրանով ոչ թե բարձրացնելով Ադրբեջանի կիսամեռ բնապահպանական վարկանիշը, այլ  բնապահպանական ու կլիմայական հանրության շրջանակներում սեփական վարկանիշը ծիծաղի առարկա դարձնելով և  դիկտատորների խղճուկ պաշտպանի դեր ստանձնելով:  

Վերադառնալով նորահայտ բնապահպան Ալիևին` վերջինս կարծես թե մոռացել է, որ անտառային տարածքների, հատումների վերաբերյալ տեղեկատվությունը իր նախագահական նստավայրի դարակներում դրված թուղթ չէ, և այդ տեղեկատվությունը հեշտորեն հնարավոր է ստանալ տիեզերական պատկերների միջոցով՝ տասնյակ տարիների համար:

Դեռևս անցյալ տարի Global Forest Watch աշխատակից Լիզ Գոլդմանը Climate change news-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղաղում վերջին 20 տարում ոչ թե անտառները նվազել են 60.000 հեկտարով, այլ ավելացել 2310 հեկտարով, իսկ նվազումը կազմել է ընդամենը 300 հեկտար, այսինքն` Արցախը մոտ 2000 հեկտարով կամ որ նույնն է, մոտավորապես 10 միլիոն ծառով ավելացրել է անտառների քանակը վերջին 20 տարում:

Այսինքն` նույն Global Forest Watch-ի ներկայացուցիչներն իրենք են փաստել, որ Ադրբեջանի նախագահը ստել է և կեղծ տվյալներ ներկայացրել անտառների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ տիեզերական պատկերներով երևում է, որ 2020 թվականի աշնանից սկսվել են այդ նույն անտառների զանգվածային հատումները, և առաջին անգամ Ղարաբաղի անտառների բնական վերաճը եղել է ավելի քիչ, քան հատումների քանակը, այսինքն` այն պահից, երբ Ադրբեջանը գրավել է այդ տարածքները, սկսվել են անտառների աննախադեպ հատումները:

Իր վերոհիշյալ «կանաչ» ելույթում Ալիևը հանձնարարական է տվել իր աշխատակիցներին՝ իրավական ուղիներով լուծումներ գտնել այս հարցերի վերաբերյալ, սակայն կարծես թե այդ հանձնարարականը Ադրբեջանի բնապահպանական գերատեսչության փոխարեն փոխանցվել է պաշտպանական գերատեսչությանը:

Դե իսկ Հայաստանի Կառավարությունը եթե շարունակի այսպես անպատասխան թողնել Ալիևի հայտարարությունները, ապա այդկերպ բացասական ազդակ կուղարկի միջազգային հանրությանը՝ փաստացի ընդունելով, որ Հայաստանը իրոք համարվում է բնապահպանական խնդիրներ ստեղծող պետություն: 

Մարի Ներսեսյան

MediaLab.am