«Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը». ՀԱԿ

«Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը». ՀԱԿ
«Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը». ՀԱԿ

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Մաքսային միությանը միանալուն, եւ այլ կարեւոր ոլորտների եւ զարգացումների  է անդրադարձել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՀՀ Արտաքին քաղաքականություն 2013 թվականի ամփոփման» մեջ: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության` Հայ-թուրքական հարաբերություններ հարաբերություններին առնչվող հատվածն ամբողջությամբ:  

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում բացասական միտումները գերիշխում են, նկատվում է փոխվստահության առանց այդ էլ ցածր մակարդակի է՛լ ավելի նվազեցում:

2006–2007 թթ. օրինակով Թուրքիայի դիվանագիտությունը` միջազգային հանրության շրջանում պատրանք ստեղծելու համար, փորձ է անում ոչ մի հեռանկար չունեցող, ձևական շփումներ հաստատել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ներկայացուցիչները խուսափում են դրանցից, որպեսզի Թուրքիայի ստի և աղավաղման ջրաղացին ջուր չլցնեն, որը հնարավորություն է ընձեռում Անկարային խուսափել սահմանը փակ պահելու պատասխանատվությունից:

Բազմիցս է ասվել, որ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած շփումը օգտագործում է նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տապալելու համար, ինչում իրեն մեծապես օգնեցին ՀՀ ներկայիս իշխանությունները (արդեն երրորդ անընդմեջ տարին է, որ որևէ պետություն չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ավելին, որևէ երկրում չի սկսվել, նախաձեռնվել ճանաչման գործընթաց):

Այս առումով անհասկանալի էր ՀՀ ԱԳ նախարարի որոշումը` հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երևանում այն պայմաններում, երբ Թուրքիան չի մտցրել որևէ փոփոխություն Հայաստանի նկատմամբ իրականացվող, փաստորեն, թշնամական քաղաքականության (շրջափակումը համարվում է թշնամական գործողություն) մեջ: Վստահաբար, Թուրքիայի դիվանագիտությունը օգտվելու է այդ` ոչ մի դրական հետևանք չունեցող հանդիպումից` նոր թափ հաղորդելով Հայաստանի շրջափակմանն ու 2009թ. սկիզբ առած նախապայմաններով հանդես գալու գործելաոճին:

Այս քաղաքականության հաջողությանը մեծապես նպաստում են ՀՀ ԱԳՆ-ն՝ իր անհասկանալի գործողություններով, հայաստանյան անգլախոս և ռուսախոս այն քաղաքագետներն ու իշխանամետ հասարակական կազմակերպությունները, որոնք փառաբանում էին հայ-թուրքական արձանագրությունները: Հարկ է նկատել, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո նոր թափ է ստացել ներմուծումը Թուրքիայից, այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը: 2013 hունվար-նոյեմբեր առևտրաշրջանառության ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը  կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Թվերը տպավորիչ են»:

© Medialab.am