Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարել աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը:
Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում.
1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին,
2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը,
3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները,
4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները:
Վստահ եմ, որ մեր բժիշկները, բուժքույրները իրենց պարտքը կատարում են անմնացորդ և կհաղթահարեն մեզ բաժին հասած այս փորձությունը ևս:
Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:
Բոլորիս առողջություն!!!»: