«Սա հավաքական «թուրք»-ի պատերազմն է հավաքական հայության դեմ». Հրանուշ Խառատյան

Պատերազմ է, և սա ողջ հայության պատերազմն է: Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ առանց որևէ կասկածի Թուրքիայի հետ համաձայնեցրած և օգնությամբ, և սա հավաքական «թուրք»-ի պատերազմն է հավաքական հայության դեմ:

Արցախը տվյալ դեպքում ընդամենը հավաքական հայության տվյալ պահի խորհրդանիշն է: Սա ըստ էության թուրք-հայկական պատերազմ է, որը տարբեր ձևերով շարունակվում է 112 տարի՝ առնվազն 1895թ. -ից:

Այս ավելի քան հարյուրամյա պատերազմը ժամանակ առ ժամանակ զսպվել և միաժամանակ խրախուսվել է «անտանտի կողմից», «ցարական Ռուսաստանի կողմից», «բոլշևիկների կողմից», բայց հայ մարդկանց մտքերում և զգացմունքներում այն դադար չի ունեցել: Փոխվել են ձևերը՝ ֆիզիկականից դիվանագիտականի, գիտականի,

հրապարակախոսականի, քաղաքական անձանց սպառնալիքների, քաղաքացիական բնակչության ճնշումների, ուծացումների, տեղահանությունների ևլն:

Ծնվել և հասունեցել են նոր սերունդներ՝ նոր պատմական, քաղաքական, վերլուծական, փորձագիտական գիտելիքներով, իսկ վերջին երեսուն տարիներին՝ նաև պատերազմական փորձով:

Հիմա կրկին պատերազմ է և այն կրկին սպառնալիք է ողջ հայությանը՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում և Թուրքիայում: Հայությունից պահանջվում է ողջ մտավոր, բարոյական, նյութական, ֆիզիկական կապիտալի մոբիլիզացիա:

Սա մե՛ր՝ հայության դեմ մղվող պատերազմ է, բայց այս պատերամազմի հետևանքները շատերինն է՝ թե Կովկասում, թե առնվազն Ասիայում և Եվրոպայում:

Այս պատերազմը նաև ԵԱՀԿ պարտությունն է Թուրքիայի և Ադրբեջանի առաջ:

Ներկա պահին մենք՝ ողջ հայությունը որևէ ավելի կարևոր խնդիր չունի, քան մեզ պարտադրված պատերազմում հաղթելը: Բոլոր, բոլոր անհատական, խմբային, շերտային, կուսակցական կարևորությունները հետաձգվում են:

Մենք բոլորս միասին մի բանակ ենք՝ մի նպատակով, մի կամքով, մի հեռանկարով՝ հաղթել այս չափազանց երկարած ագրեսիվ պատերազմում:

Տվյալ պահին հայության ներսում իր կարևորությամբ այլ առաջնահերթ խնդիր չի կարող լինել: Մեզ միայն մեկ իրավունք է թողնված՝ հաղթել»: