Հերոս սերժանտը ընտանիքի միակ արու զավակն էր

Հերոս սերժանտը ընտանիքի միակ արու զավակն էր
Հերոս սերժանտը ընտանիքի միակ արու զավակն էր

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան Ջրաբերդ և հարավ-արևելյան Կորգան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը ընտանիքի միակ արու զավակն էր: Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն:

Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Վերջիններս Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության առթիվ:

Բարեկամներից մեկը Lragir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արմենը ունի երեք քույր: 4 ամսից նա զորացրվելու էր և զբաղվեր գեղանկարչությամբ: Ի դեպ, մեկուկես տարի առաջ զորակոչվելիս երեք օր ու գիշեր խնջույք են կազմակերպել: Նա երբեք բանակում ծառայությունից չի խուսափել: Նրա հետ միաժամանակ Ղարաբաղ են զորակոչել նաև նրա 4 զարմիկի: «Չորսին էլ Ղարաբաղ տարան», պատմեց հարազատներից մեկն ու հավելեց. «Չորս եղբայրներն էլ առավոտյան արդեն այստեղ կլինեն»:

Ի դեպ, հարազատները տեղի ունեցածի մասին տեղեկացել են ոչ թե լրատվամիջոցներից, այլ անմիջապես զորամասից: «Հրամանատարությունը շոկի մեջ էր: Իրենք էլ մասնակից են եղել: Դե ով կուզեր նման բան լիներ, մի երեխայի ծնող էլ իրենք են: Ինչ էլ հիմա ասենք, որքան էլ սփոփենք, մեկ է, երեխու կյանքը էլ հետ չենք բերի»,- ասաց հարազատներից մեկը:

Նրա  խոսքով՝ Ղարաբաղից Արմենի դին ուղեկցողները պատմել են, որ նա իր գործողություններով տասը մարդու կյանք է փրկել: «Նա կարող էր դիմել փախուստի, քանի որ ունեցել է դրա բոլոր հնարավորությունները, բայց Արմենն արիաբար պայքարել է, դիմադրել թշնամուն»,- ասացին հարազատները:

Նրանք նաև պատմեցին, որ Արմենի հորեղբայրը նույնպես մահացել է 18 տարեկանում, հետագայում հայրն իր որդուն նրա պատվին անվանակոչել է Արմեն:

Արմենի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը, ներողություն խնդրելով հրաժարվեց խոսել. «Միայն ոչ հիմա, հիմա չեմ կարող»,- ասաց նա՝ խեղդելով արցունքները: Կարդալ ավելին