«Կա լուրջ խնդիր՝ կրիմինալի հենարանը, որի հենարանն էլ ռազմականն է, և նախորդ իշխանությունների խաղաթղթերի մեջ դա կա». Անուշ Սեդրակյան

«Կա լուրջ խնդիր՝ կրիմինալի հենարանը, որի հենարանն էլ ռազմականն է, և նախորդ իշխանությունների խաղաթղթերի մեջ դա կա». Անուշ Սեդրակյան
«Կա լուրջ խնդիր՝ կրիմինալի հենարանը, որի հենարանն էլ ռազմականն է, և նախորդ իշխանությունների խաղաթղթերի մեջ դա կա». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատական-մտահոգությունները օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի ելույթին։ ՀՀԿ-ականները խոսում են խոսքի ազատության սահմանափակման մասին, նաև դիտարկումներ անում ժողովրդավարության նահանջի մասին։ Արդյոք կառավարության ղեկավարը պետք է ավելի զգույշ չլինի՞ իր գնահատականներում։ Կայի՞ն, ըստ Ձեզ, սայթաքումներ։

– Շատ մեծ տարբերություն կա հանրահավաքային ելույթի, նախընտրական ելույթի և պաշտոնական հայտարարությունների միջև։ Այդ առումով պարոն Բաբլոյանը մի քիչ ժամանակավրեպ հայտարարություն է արել, որովհետև որպես հանրահավաքին հնչած ելույթի մեկնաբանություն, անկախ նրանից՝ վարչապետի մակարդակով է խոսք ասվում հանրահավաքին, թե այլ մակարդակով, ինձ թվում է, ոչ համարժեք արձագանք էր։ Բայց կար առաջարկ, և Նիկոլ Փաշինյանն ընդունեց այդ առաջարկը, ինչը շատ լավ նշան է։ Որովհետև կարելի է սկզբունքորեն, արմատապես և վերջնականապես համաձայն չլինել, բայց, գտնվելով քաղաքական նույն կոնյունկտուրայի մեջ, գտնվելով նույն հանրապետության շրջանակներում, անհրաժեշտ է բանակցել ցանկացած մեկի հետ՝ գոնե պարզելու համար, թե այդ մեկն ի՛նչ է ուզում՝ ուզում է արդյոք համագործակցության ինչ-որ ճանապարհնե՞ր գտնել, թե՞ ուզում է վերջնականապես խզել և այրել կամուրջները։

Իհարկե, այն, որ նախկին իշխանություններն ամբողջովին մերժված են, դա արդեն իրենց համար էլ է ակնհայտ։ Ամբողջ ցավն այն է, որ քաղաքական ուժը չի կարող հիմնված լինել ընկերական, կոռուպցիոն, ծանոթ-բարեկամի կապերի վրա։ Քաղաքական ուժը, այնուամենայնիվ, պետք է ունենա չեզոք պաշտպանող մարդկանց մի խումբ, որոնք ոչ թե իրենց ճանաչում են անձնապես, ոչ թե իրենց հետ կապված են կրիմինալ կապերով, ոչ թե ժամանակին կարողանում էին անել կեղտոտ բիզնես, հիմա չեն կարողանում և պաշտպանում են իր շահերը, այլ ուղղակի գաղափարական համակիրներ։ Եվ ես կարծում եմ, որ նախկին իշխանությունը հենց մաքուր գաղափարական համակիր ասածը չունի, որովհետև իրենք միշտ վարել են պսևդոքաղաքականություն և այժմ չեն կարող հույսը դնել քաղաքական աջակցության վրա, իրենցը ներքին կիսակրիմինալ, կիսակոռումպացված, կիսաանձնավորված աջակցություն է՝ ի տարբերություն ներկայիս իշխանությունների, երբ ուղղակի խոսքը գնում է not engaged, այսինքն՝ պրոցեսին չմասնակցող, բայց, այնուամենայնիվ, համակրող մի մեծ, ստվար բազմության, ժողովրդի սեգմենտի մասին։

Ուրիշ բան, որ այդ համակրանքը հավերժական չէ, և ժամանակավոր կառավարությունը դա միանշանակ պետք է հասկանա, որովհետև խոսքը նույնիսկ տնտեսական ակնկալիքների մասին չէ, այլ տնտեսական ակնկալիքները կարող են ժամանակի ընթացքում բացատրվել, բարելավվել, բիզնեսին տրվի ազատ հնարավորություն, խոսքը հանրային ակնկալիքի մասին է, այսինքն՝ հանրային արդարության հաստատման, ի վերջո, բիզնես հնարավորությունների լայն բացման, մաքսային, հարկային բոլոր ճնշող մխանիզմների, հին կապանքների, նախկին իշխանությունների հենարանների բացարձակ դեմոնտաժի և նոր մեխանիզմների կառուցման։ Այս ամենը ուղիղ հրամայական է։ Եվ դա արդեն հանրահավաքի մակարդակով լուծել հնարավոր չէ։ Հանրահավաքում հայտարարվում է մտադրությունների պրոտոկոլը, իսկ ծրագիրը գրվում է ուրիշ տեղ և այլ կերպ։

– Կարծում եք՝ ՀՀԿ-ականների այս հայտարարությունները ավելի շատ ինքնապաշտպանությա՞ն նպատակ ունեին։

– Այստեղ խնդիր կա. քաղաքական պայքարին մասնակցել քաղաքական պայքարի զենքերով և գործիքներով իրենք սովոր չեն և գիտեն, որ մաքուր քաղաքական պայքարում իրենք պարտվելու են։ Դրա համար մի տեղ շեշտադրումը դրվում է ռուսական գործոնի վրա, և դա բազմիցս շրջանառվում է, մյուս տեղում շեշտադրումը դրվում է միասեռական և ոչ միասեռական դիսկուրսի վրա, ինչն ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև Հայաստանում շատ չէ այն մարդկանց թիվը, ովքեր առաջնային և լրջորեն այդ թեման տեսնում են իբրև գոյության հիմնական թեմա։ Բայց կա ավելի լուրջ խնդիր՝ կրիմինալի հենարանը։ Կրիմինալի հենարանը ռազմական հենարանն է, որը նախորդ իշխանությունների խաղաթղթերի մեջ կա։ Եվ այս պահին նոր իշխանությունների խնդիրը դա չեզոքացնելն է։ Այլապես երբ խոսքը գնում է քաղաքական պայքարի մասին, մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պայքարում նախկին իշխանությունները շանս չունեն։

– Իսկ որքանո՞վ կա հակահեղափոխության վտանգ։

– Եկեք չասենք հակահեղափոխություն, եկեք ասենք պետական հեղաշրջում, քանի որ միշտ ուզեցել են կատարել, ֆրանսերեն այդ տերմինը կոչվում է ռեստավրացիա։ Ի դեպ, ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո եղավ թագավորական իշխանության ռեստավրացիայի կարճատև փուլ, բայց միևնույն է, այս հեղափոխությունը ժամանակի հրամայականն էր, սա կրիմինալ ձևույթից նահանջ էր, դա ազգային պետություն ստեղծելու փորձ է, որը պետք է հաջողի, քանի որ ժամանակի թելադրանքն է։ Նախորդները պետք է ուղղակի կարողանան ձևավորել արժանապատիվ ընդդիմադիր դիսկուրս, բայց իրենց մոտ դա չի ստացվում, քանի որ իրենք սովոր չեն քաղաքական պայքարի։ Իրենք սովոր են միանձնյա տնօրինել բոլոր քաղաքական և տնտեսական լծակները և այդպես աշխատել։

– Լրջագույն ցնցումների ականատես կլինե՞նք։

– Վախենում եմ, որ ցնցումներն անպակաս են լինելու տարածաշրջանից, որը կարող է ներքաղաքականի ֆոնին նույնիսկ չերևալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am