Ուկրաինայի հայերը շտաբ են ստեղծել Հայաստանին օգնելու համար

Հայաստանի օգնության հարցը քննարկվել է Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) արտահերթ նիստում: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստը: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, ստեղծվել է շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:

Ուկրաինայում բնակվող յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրագործումը:

Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպեցին նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում եւ Ղարաբաղում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից: