Ադրբեջանի ՊՆ-ում չեն տարբերում «Տոչկա-Ու»-ն «Սմերչից». Fip.am

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն հրապարակեց, թե իբր հայկական կողմը հարված է հասցրել «Տոչկա-Ու» հրթիռային համալիրից։ «Ռազմական տեխնիկայի հնության կամ ցածր որակի պատճառով արձակված հրթիռներից երեքը չեն պայթել»,- գրված էր հաղորդագրության մեջ։

Որպես ապացույց՝ Ադրբեջանի ՊՆ-ն ի սկզբանե կցել էր նաև այս լուսանկարը։

Այս հաղորդագրությունն անմիջապես հայտնվեց ադրբեջանական լրատվական կայքերում, այդ թվում՝ իշխանամերձ haqqin.az լրատվականում։ 

Հատկանշական է, որ Թվիթերում հրապարակված Ադրբեջանի ՊՆ գրառման մեջ ասվում էր, որ հայկական Զինված ուժերը արձակել են երկու հրթիռ, որոնցից երեքը չեն պայթել։ Հրապարակումը քիչ անց ջնջվեց։

Սակայն պարզվում է՝ Ադրբեջանի ՊՆ-ում չեն տարբերում նույնիսկ իրարից առերևույթ տարբերվող հրթիռները։ Լուսանկարում պատկերված հրթիռը ոչ թե «Տոչկա-Ու»-ի, այլ «Սմերչ» համակարգի հրթիռ է:

«Տոչկա-Ու» համակարգի հրթիռն ունի այս տեսքը։ Ինչպես տեսնում եք, այն ակնհայտորեն տարբերվում է լուսանկարում պատկերված հրթիռից։

Իսկ ստորև ներկայացված լուսանկարում պատկերված «Սմերչ» համազարկային համակարգի հրթիռն է, որը նույնական է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարի հրթիռի հետ։

Ուշագրավ է, որ ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հեռացրեց լուսանկարը հաղորդագրությունից։ Լրատվական կայքերն էլ, որոնք ի սկզբանե տարածել էին «ապացույցը», փոխեցին լուսանկարը։

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն անմիջապես հերքեց «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ կիրառելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դա ակնհայտ սուտ է։ 

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am