«Ինձ ապրելու երկրորդ շանս է տրվել, ես պետք է էնքան լավ բաներ անեմ, որ արդարացնեմ իմ չմահանալը». Պատերազմի միջով անցած արտիստի պատմությունը

JAMNEWS – Երևանի բնակիչ Վավին պատմում է, որ ժամկետային զինծառայողների կողքին կանգնելու մղումն էր իրեն առաջնորդել դիմել զինկոմիսարիատ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 10)՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով: Ամուսնացել էր նա պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ։

Ծաղրածու Վավին Երևանի փողոցներում. Լուսանկարը՝ Clown VaVi ֆեյսբուքյան էջից
Երևանի ծաղրածու Վավին և երկրորդ ղարաբաղյան պատերազմը
Ծաղրածու Վավին Երևանի փողոցներում. Լուսանկարը՝ Clown VaVi ֆեյսբուքյան էջից

Բարձրահասակ, սև ու սպիտակ դիմահարդարմամբ, ֆրակը հագին մի երիտասարդ, մոտենում է մարդանց և հաղորդակցվում նրանց հետ առանց խոսքերի՝ սուլիչի հրահանգներով։ Դա ծաղրածու Վավին է։

Վավին ընդամենը կերպար է: Նրա 29-ամյա դերակատարը անընդհատ ընդգծում է դա, առանձնացնում իր սեփական անձն այդ երգիծական, բայց միևնույն ժամանակ նաև տխուր ու տեղ-տեղ նույնիսկ մելամաղձոտ ծաղրածուից: 

Նրան կարելի է տեսնել Երևանի փողոցներում. Վավիի սուլիչի անսպասելի ձայնը կանգնեցնում է անցորդներին, առաջին հերթին, իհարկե, երեխաներին, ներքաշում նրանց խաղի մեջ, դարձնում ներկայացման մասնակից։

Նա իր անունը չի ասում, ինքնությունն էլ չի ուզում բացահայտել: Միայն շեշտում է, որ մեծացել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում՝ կրակոցների ձայների ներքո և վաղ հասակից որոշել է, որ պիտի դերասան դառնա։ Հետագայում ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Վավին իր ոգեշնչման աղբյուրն է համարում ռուս ծաղրածու Վյաչեսլավ Պոլունինի արվեստը։ Սիրում է բացահայտել գործունեության նոր ոլորտներ, օրինակ՝ տաքսի է վարում։

Երբ նստում ես տաքսի, իսկ ղեկին ծաղրածու Վավին է.
Լուսանկարը` Գոհար Աքելյանի
Երևանի ծաղրածու Վավին և երկրորդ ղարաբաղյան պատերազմը
Երբ նստում ես տաքսի, իսկ ղեկին ծաղրածու Վավին է.
Լուսանկարը՝ Գոհար Աքելյանի

Մարդիկ շատ տարբեր էմոցիաներ են ունենում ծաղրածուին ղեկին տեսնելիս՝ պատմում է դերասանը։ Ասում է՝ պատահում է, որ ուրախությունից թռչկոտեն, ծափահարեն, լուսանկարվեն Վավիի հետ։ Լինում են ծաղրածուին ճանաչողներ, լինում են նաև այնպիսիք, որ դժգոհում են կամ հրաժարվում նստել մեքենան, սակայն նման դեպքերը շատ հազվադեպ են լինում։

Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, երիտասարդը կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Ասում է՝ թեպետ Վավիին ինձ հետ չէի տարել, բայց փորձում էի զինակից ընկերներիս տրամադրությունը բարձր պահել՝ պատերազմի մասին երգեր էի երգում՝ «Ով կամավոր է գնում», «Թռչեի մտքով տուն»։ «Երգում էի, երեխեքն իրենց լավ էին զգում»։

Պատերազմի ընթացքում նա աշխատում էր պաշտպանել ծառայակիցներին, քանի որ իրենից ավելի փոքր էին, բայց այնպես ստացվեց, որ նրանք իր կյանքը փրկեցին։

«Մի անգամ գերհոգնածությունից չէի կարողանում ոտքերիս վրա կանգնած մնալ, պառկել էի մի թմբի վրա։ Մեզնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կրակեցին, ուժեղ պայթյուն եղավ։ Գոռացի, ասացի, որ վազեն, թաքնվեն։ Իրենք վազեցին, իսկ ես մի կերպ սողեսող գնում էի իրենց հետևից։

Երեխեքից երկուսը դա տեսան, եկան, ինձ գրկեցին, որ տանեն։ Ես բղավում էի, նույնիսկ փորձում էի հարվածել, որ թողնեն ինձ, վազելով արագ հեռանան, բայց չթողեցին… Մենք չէինք հասցրել շատ հեռանալ թմբից, ուր ես պառկած էի, երբ էդտեղ էլ խփեցին»։

Պատերազմից հետո Վավիին կրկին կարելի է հանդիպել քաղաքում, տարբեր միջոցառումների ժամանակ։ Իր գործունեության մասին արտիստն ասում է․ «Վավիին ստեղծելիս ինձ ուղղորդել է Վիլյամ Սարոյանի խոսքը՝ փորձիր էս աշխարհը քո տեղում, քո կարողությունների չափով ավելի լավը դարձնել»։

«Վատ կյանքը չի, որ ինձ բերել է էստեղ։ Ես սիրում եմ էն, ինչ անում եմ»։ 
Լուսանկարը` Գոհար Աքելյանի
Երևանի ծաղրածու Վավին և երկրորդ ղարաբաղյան պատերազմը
«Վատ կյանքը չի, որ ինձ բերել է էստեղ։ Ես սիրում եմ էն, ինչ անում եմ»։
Լուսանկարը՝ Գոհար Աքելյանի

Արդյո՞ք ինչ-որ բան փոխվեց Վավիի կյանքում պատերազմից հետո, կամ հենց ինքը՝ Վավին, փոխվե՞ց՝ հարցին պատասխանում է․

«Իհարկե, այսինքն՝ էն, ինչ կար, է՛լ ավելի հաստատուն դարձավ, արմատները ավելի խորացան։ Եվ քանի որ ինձ ապրելու երկրորդ շանս է տրվել, ես պետք է էնքան լավ բաներ անեմ, որ արդարացնեմ իմ չմահանալը»:

«Ներկայացումները պետք է ասելիք ունենան, համեմված լինեն գեղարվեստական բույրով, նաև ուսանելի լինեն․․․ և ոչ պարզապես զվարճալի»։  
Լուսանկարը` Գոհար Աքելյանի
Երևանի ծաղրածու Վավին և երկրորդ ղարաբաղյան պատերազմը
«Ներկայացումները պետք է ասելիք ունենան, համեմված լինեն գեղարվեստական բույրով, նաև ուսանելի լինեն․․․ և ոչ պարզապես զվարճալի»։
Լուսանկարը՝ Գոհար Աքելյանի