Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարումների մասին 2013 թվականի համաձայնագիրը կասեցնելու կամ միակողմանիորեն դադարեցնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին, լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵՆ-ին ուղղված նամակը, որը կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության՝ կարձագանքի»,- ասել է Բադալյանը։
Ըստ «Ինտերֆաքսի», 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ չեղարկել էր Հայաստան մատակարարվող նավթամթերքի, գազի և ադամանդների արտահանման մաքսատուրքերը։ Համաձայնագրով Մոսկվան Երևանին մատակարարում է նավթամթերք և գազ՝ ներքին սպառման ծավալներով, իսկ վերաարտահանումը երրորդ երկրներ արգելված է։
«Կոմերսանտը», հղում անելով Ցիվիլևի նամակին, գրել էր, որ Մոսկվան Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քայլերը դիտարկում է որպես ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերի համար սպառնալիք։
Այս ֆոնին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է, որ Հայաստանը գիտակցում է ԵԱՏՄ անդամակցության առավելությունները և այդ պատճառով «չի շտապում դուրս գալ» միությունից, թեև Երևանի քաղաքական կուրսը, նրա խոսքով, հակասում է ԵԱՏՄ նպատակներին։
Օվերչուկը նշել է, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ, ապա ԵԱՏՄ շրջանակում ստացած արտոնություններից զրկելը «արդար» կլինի։
«Եթե Հայաստանը ցանկանում է լինել ինչպես Եվրոպայում, ապա գներն էլ Հայաստանում պետք է լինեն ինչպես Եվրոպայում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանին «լուրջ ազդակներ» է ուղարկում, թեև Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս երկրները չեն ցանկանում Հայաստանի դուրս գալը միությունից։
Հայկական կողմը հայտնել է, որ նամակը կուսումնասիրի և անհրաժեշտության դեպքում կարձագանքի։



















