Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանն ու Կարեն Կարապետյանը կարող են հրավիրվել ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով

Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանն ու Կարեն Կարապետյանը կարող են հրավիրվել ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով
Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանն ու Կարեն Կարապետյանը կարող են հրավիրվել ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում այսօր անցկացվեց ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։Հանձնաժողովն իր նիստերին կհրավիրի նաև ներկա և նախկին պաշտոնյաներին։ Այս մասին այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ Պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողների հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհրավիրվե՞ն, նա պատասխանեց․ «Դե դուք տալիս եք արդեն անունները։ Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ տեղեկատվություն» Նա նշեց, որ իրավական առումով գուցե շատերը կարող են հրաժարվել ու չգալ, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկն իրավունք չունի տեղեկատվություն չտրամադրել հանձնաժողովին։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս կարող է հրավիրվել։ Նա ժամանակին անորակ դիզվառելիքի մասին հայտարարություն էր արել։ «Կարեն Կարապետայնն ասաց, որ բանակում բենզին չի եղել, բա Կարեն Կարապետյանին չլսե՞նք, պիտի լսենք չէ՞։ Այդ խնդիրները հնչեցրել են ամենաբարձր մակարդակով, նախկին վարչապետն է հնչեցրել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի անդրանիկ նիստն ամփոփելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Հանձնաժողովի քննության առարկան է Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության պայմանների կատարման, զորքերի, համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրությունը, ինչպես նաև հակառակորդի հարձակվողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանբատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատումը։

Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովն իրավասու է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, ռազմական խորհրդի հաշվետվություններ։
«Հանձնաժողովն իրավասու է նաև նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին»,- հայտարարեց նա։

Հանձնաժողովը կքննարկի ինչպես մարդկային կորուստների, այնպես էլ ապրիլյան պատերազմի օրերին ունեցած տարածքային կորուստի հարցը։ «Մեր կորուստները ոչ միայն մարդկային են, այլ նաև տարածքային։ Չկասկածեք, որ մենք ուսումնասիրելու ենք նաև տարածքային կորուստների հարցը»,- հավելեց նա։