Գարիկ Գալեյանը դատապարտվել է ազատազրկման․ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կմնա տնային կալանքի տակ. Factor

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Ըստ մեղադրանքի՝ Գալեյանը 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով և նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով։

Այսինքն՝ առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, զգալի չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելը և խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատավորը Գալեյանին ազատազրկման է դատապարտել 1 տարի 6 ամիս, իսկ մյուս հոդվածով՝ 1 տարի ժամկետով։

Պատիժների մասնակի գումարման արդյունքում Գալեյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը, որին հաշվակցվել է ազատազրկման մեջ գտնված 6 ամիս, 21 օրը։ Գալեյանի խափանման միջոց վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքով, չբացակայելու մասին արգելքը և գրավը մնացել է անփոփոխ։ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները կպահպանվեն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։