«Ամբողջ աշխարհում կիրառվում են բոլոր հնարավոր գործիքները, որոնք կստիպեն մարդկանց պատվաստվել». Լուսինե Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը

– Տիկի՛ն Բադալյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պատվաստումների խայտառակ ցածր ցուցանիշը, և դա այն պարագայում, որ Հայաստանում ամեն ժամ մարդ է մահանում կորոնավիրուսից:

– Կարծում եմ՝ պատվաստումների հետ կապված այս իրավիճակը մենք ունենք պատվաստանյութերի նկատմամբ բավականին լուրջ հակաքարոզչության հետևանքով: Երբ քովիդը նոր-նոր էր տարածվում, բոլորն անհամբերությամբ սպասում էին, թե երբ պատվաստանյութեր կլինեն, որպեսզի կարողանան պաշտպանվել քովիդից: Եվ այդ նույն մարդիկ, որոնք սկզբում անընդհատ բողոքում էին և պետությանը մեղադրում էին շտապ կարգով պատվաստանյութեր ձեռք չբերելու համար, հիմա, երբ պատվաստանյութերը ձեռք ենք բերել, լրիվ այլ հակաքարոզչություն են տանում:

Ցավոք սրտի, ժողովրդի մեծ մասը, որն արդեն սովոր է դավադրությունների տեսություններին, սիրում է դրանցով ապրել, խորանալ այդպիսի տեսությունների մեջ, բավականին լուրջ ազդեցություն է կրում:

Հետևաբար, հենց այդ դավադրությունների տեսությունների տարածումն է պատճառը, որ մեր երկրում այսօր ունենք պատվաստումների ցածր մակարդակ: Դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում՝ ո՛չ երկրի զարգացածության, ո՛չ հանրության գիտակցության բարձր մակարդակի մասին:

– Այսօր քովիդից մահացավ բոլորի կողմից շատ սիրված երգիչ Հայկոն, որի համար բոլորը ցավ են ապրում, և այս ընթացքում կորուստները քիչ չեն եղել, բայց կարծեք թե այդ կորուստները չեն օգնում հասարակությանը սթափվել ու հասկանալ, որ կորոնավիրուսի վտանգը շատ մեծ է: Ինչո՞ւ է այդպես:

– Կորոնավիրուսի վտանգը, ընդհանուր առմամբ, իսկապես շատ մեծ է՝ անկախ նրանից՝ մենք դա գիտակցում ենք, թե ոչ: Ցավոք սրտի, փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք առնչվել են, հիվանդացել են, շատ ծանր են տարել, հարազատի կորուստ են ունեցել, անձամբ են այդ շատ ցավոտ գործընթացով անցել, միայն իրենք են գիտակցում պատվաստման կարևորությունը:

Բոլոր այն մարդիկ, որոնք դեռ այդ ամեն ինչով չեն անցել, չեն էլ գիտակցում, որ ապահովագրված չեն այդ դաժան ճանապարհից: Դրանից խուսափելու միակ տարբերակը, այնուամենայնիվ, պատվաստումն է: Բոլոր հնարավոր գործիքներն օգտագործելով ստիպել, որ հանրությունը պատվաստվի, կիրառվում է ամբողջ աշխարհում: Ավելի զարգացած երկրներում շատ ավելի լուրջ սահմանափակումներ են դնում մարդկանց վրա և ստիպում են, որ մարդիկ գնան պատվաստվելու:

Մենք փոխանակ գիտակցենք, գնանք պատվաստվենք և մեզ ապահովագրենք, մեր հարազատներին ապահովագրենք և կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ, անընդհատ խորանում ենք, թե այս օրենքը լավն է, թե վատը, մեզ իրավունք ունեն պարտադրելու, թե չունեն, սա օրինական է, թե օրինական չէ: Ընկնում ենք երկրորդական բաների հետևից և հնարավոր բոլոր տարբերակներով հետաձգում ենք պատվաստումը, որը վաղ թե ուշ բոլորս էլ գիտակցելու ենք, որ պետք է:

– Հանրության շրջանում շարունակում են տարածվել դավադրությունների տեսություններ, իբր պատվաստումով մարդկանց չիպավորում են, տարիներ հետո պատվաստվողները խնդիրներ են ունենալու: Ինչպե՞ս է հնարավոր սրա դեմն առնել:

– Դա շատ դժվար է, միակ տարբերակը ընդհանուր զարգացվածության մակարդակը բարձրացնելն է: Պատվաստանյութերի դեմ արշավներ եղել են միշտ և միշտ լինելու են: Եթե մենք հետ գնանք և նայենք այն պատվաստանյութերը, որոնք պարտադիր մեր երեխաներն ստանում են, դրանք էլ են նման դիմադրության հանդիպել: Դրանք էլ ունեն լուրջ հակացուցումներ, հետևանքներ, բայց, միևնույն է, աշխարհը գնացել է այդ պատվաստումներին, և դրա շնորհիվ մի շարք հիվանդություններ այլևս գրեթե գոյություն չունեն կամ դրանք քնած են, կամ դրանց թիվն այնքան փոքր է, որ մարդկությանը սպառնալիք չեն ներկայացնում:

Հիմա, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը որևէ բանով չի տարբերվում մնացած պատվաստանյութերից և հաստատ իր մտացածին հետևանքներով, որ, ա՛յ, կարող է տարիներ հետո էսպես լինել կամ էնպես լինել, դա որևէ մեկը չի կարող ասել: Այն ժամանակ էլ պատվաստանյութերը ստիպողաբար կիրառել են ամբողջ աշխարհում, այն ժամանակ էլ դեռ տարիների փորձարկում արած չեն եղել:

Բայց գիտական հիմքը բավարար է եղել, որպեսզի հասկանան, որ ամեն դեպքում պատվաստանյութի բացակայության վտանգը շատ ավելի մեծ է լինելու, քան դրա կիրառումը: Հիմա կորոնովիրուսի դեպքում պատմությունը նորից կրկնվում է: Թվում է՝ աշխարհը զարգացել է, մարդիկ ավելի հեշտ պետք է ընկալեն այդ փոքրիկ խնդիրները, բայց արի ու տես, որ մենք մեր երկրում բավականին լուրջ խնդիր ունենք այդ հարցում:

– Չե՞ք կարծում, որ իշխանությունները, էլիտան, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հայտնի մարդիկ պետք է իրենց վարքով, պատվաստումների իրենց օրինակով հանրության համար օրինակ ծառայեն: Այստեղ բաց չունե՞նք՝ հաշվի առնելով, որ շատ բժիշկներ կան, որոնք իրենք էլ չեն պատվաստվում:

– Ցավոք սրտի, կան նաև բժիշկներ, որոնք խորհուրդ են տալիս չպատվաստվել, կան հատուկենտ այդպիսի բժիշկներ: Մյուս կողմից՝ բժիշկն ինքն էլ հասարակության մի մաս է: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նա իր օրինակով անընդհատ փորձում է համոզել: Իշխանության մեջ չպատվաստված մարդիկ գրեթե չկան, մնացել են հատուկենտ չպատվաստված մարդիկ, որոնք առողջական խնդիրներ են ունեցել, բայց այդ խնդիրները լուծելուց հետո արդեն հերթագրվել են պատվաստման համար:

Իշխանությունն իր օրինակով փորձում է ցույց տալ, որ այն ամենը, ինչի մասին խոսվում է, չկա: Ես պատվաստվել եմ «ԱստրաԶենեկայով» և դրանից հետո չեմ հիվանդացել, իմ կյանքում որևէ բան չի փոխվել: Երբ դա ասում ես, քեզ հակադարձում են՝ իսկ դու ի՞նչ գիտես, թե տարիներ հետո քեզ ինչ կլինի: Բայց ոչ ոք չգիտի, թե իր հետ վաղն ինչ կլինի: Ես չունեմ լուրջ հիմք կասկածելու, որ ինձ հետ ինչ-որ բան կլինի հենց պատվաստանյութի պատճառով:

Նաև խոսում են կողմնակի ազդեցությունների մասին: Ես փորձում եմ բոլորին բացատրել, որ ցանկացած դեղորայք ընդունելու դեպքում կան կողմնակի ազդեցություններ: Եվ եթե նույնիսկ մեկ դեպք գրանցվել է աշխարհում, որ թեկուզ զուգադիպությամբ ամենատարածված դեղը խմելուց հետո ունեցել է խնդիր, դա անպայման գրանցվում է կողմնակի ազդեցությունների մեջ: Դա չի նշանակում, որ բոլորը պետք է դա ունենան: Պատվաստանյութի դեպքում էլ բացառություն չէ: Այո՛, անհատական բարդացումներ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ դա լինելու է շատերի հետ:

Իսկ պնդումները, թե դա, ժողովրդի լեզվով ասած, չբերություն է առաջացնում, դրա համար ոչ մի հիմք չկա: Աբսուրդի հասնող խոսակցություններ են՝ սկսած չիպավորումից, չբերությունից մինչև մահեր: Բազմիցս ասվել է, որ պատվաստումից հետո մահվան և ծանր դեպքեր չեն գրանցվում: Ամեն դեպքում մեզ չեն հավատում և ասում են՝ մեզ խաբում եք:

Ցավոք, այս դավադրությունների տեսություններով ամեն անգամ մենք հարազատներ ենք կորցնելու, ինչը հեշտությամբ կարող ենք կանխել՝ ուղղակի հավատալով, որ պետությունը հաստատ իր քաղաքացիների համար թույն չի ներկրելու: Եթե իշխանությունը կարողացել է ներկրել պատվաստանյութեր, որոնք անվճար տրամադրում է հասարակությանը՝ մտածելով հանրային առողջության մասին և ցանկանալով, որ բոլորը կարողանան հեշտությամբ հաղթահարել հիվանդությունը, ուղղակի պետք է վստահել և պատվաստվել:

Մանե Հարությունյան

MediaLab.am