Ռուսական «Дождь» հեռուստաընկերության թղթակիցն Արցախում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը՝ նշելով, որ թղթակիցը չի տուժել և այժմ գտնվում է ռմբապաստարանում:

Ելովսկու հետ միասին դեպքի վայրում են եղել նաև հայ և արտասահմանցի այլ լրագրողներ ու թղթակիցներ: Նրանք Մարտունիում շրջայցի ընթացքում լուսանկարահանելիս և տեսանկարահանելիս են եղել սեպտեմբերի 27-28-ը Ադրբեջանական հրետակոծությունից տուժած քաղաքացիական տները:

Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներն ու Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 11 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: