Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որեւէ երկրի»,-ասել է  Զելենսկին:

Զելենսկին նաեւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակամարտող կողմերին ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե  Ուկրաինան  պատրաստ  է  տարբեր  հարթակներում աջակցել Ադրբեջանին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: