Ամփոփիչ հայտարարություն. համանախագահներն ամբողջացնում են Փաստահավաք առաքելության հավաքած տեղեկատվությունը

Ամփոփիչ հայտարարություն. համանախագահներն ամբողջացնում են Փաստահավաք առաքելության հավաքած տեղեկատվությունը
Ամփոփիչ հայտարարություն. համանախագահներն ամբողջացնում են Փաստահավաք առաքելության հավաքած տեղեկատվությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու օր առաջ ավարտելով Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված Փաստահավաք առաքելությունը` հոկտեմբերի 14-ին Վիենայում հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ:
Միջնորդները նշել են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձագետների օգնությամբ ներկայումս ի մի են բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության հավաքած տեղեկատվությունը:
Ըստ համանախագահների հայտարարության, «տվյալ աշխատանքը կատարելուց հետո նրանք ԵԱՀԿ-ի ներքին զեկույց կպատրաստեն, որը կներկայացվի բոլոր կողմերին»:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները իրականացրեցին իրենց ծրագրած Դաշտային գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքներում: Այդ առաքելությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-13-ը` նախապես բոլոր ներգրավված կողմերի հետ քննարկելով դրա իրականացման եղանակները: Առաքելությանը աջակցեցին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ նրա աշխատակազմը` աշխատելով տեղական դե ֆակտո իշխանությունների հետ: Համանախագահների հրավերով նրանց աշխատանքներին օժանդակեցին երեք տեխնիկական փորձագետներ, այդ թվում երկուսը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից», – նշել են համանախագահները:

Ի դեպ, արդեն երկրորդ անգամ համանախագահները իրենց հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի անունը նշում են նաեւ որպես «Խանքենդի»:

«Առաքելությունը ձեռնարկելուց առաջ, համանախագահները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելու առաքելության մանրամասները եւ իրենց թիմը: Նույնպիսի հանդիպում նրանք ունեցան հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ Ստեփանակերտում/Խանքենդիում», – ասված է միջնորդների հայտարարությունում:

Համանախագահները նշել են նաեւ, թե առաքելությունը կարեւոր հնարավորություն ընձեռեց իրենց` տեղում հանդիպելու բազմաթիվ մարդկանց հետ եւ ծանոթանալու այդ տարածքներում ներկայիս ընդհանուր իրավիճակին բոլոր տեսանկյուններից, ներառյալ` հումանիտար կարիքների:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների աննախադեպ մասնակցությունը առաքելության թիմին թույլ տվեց ավելի լավ հասկանալ տարածաշրջանում բոլոր փախստականների եւ տեղահանվածների իրավունքները` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, եւ պայմանները, որոնցում այժմ գտնվում են այդ տարածքներում բնակվողները», – հայտարարել են համանախագահները:

© Medialab.am