Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործը կրկին առաջին ատյանի դատարանում

Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործը կրկին առաջին ատյանի դատարանում
Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործը կրկին առաջին ատյանի դատարանում

2014 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Դավթյանի,  քննության առնվեց ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ա. Հակոբյանի՝ Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու պահանջով դիմումը:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին, իրականացվող մոնիթորինգի շրջանակներում Ավանի հոգեբուժական կլինիկա այցելության ժամանակ Ժուլետա Ամարիկյանը հայտնել էր, որ հոգեկան առողջության խնդիրներ չունի և  հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով:

2013 թվականի հունիսի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Է. Ամալյանի, քննության առնելով ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ա. Հակոբանի դիմումը, բավարարել էր այն՝ վճռելով Ժուլետա Ամարիկյանին ենթարկել հարկադիր բուժման:

Այս վճիռը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը բեկանել էր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այս որոշումն անփոփոխ էր թողել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը:

2014 թվականի փետրվարի 12-ի դատական նիստին դիմումատու կողմը չէր ներկայացել ներկայացուցիչ Մարինե Հակոբյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, դատական նիստը կայացավ, քանի որ Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը չառարկեց առանց դիմումատու կողմի ներկայության դատաքննությունը սկսելուն՝ հայտնելով, որ վերջինս ընդհանրապես չի ներկայացել դատական նիստերին: Դատարանն էլ իր հերթին որևէ խնդիր չտեսավ ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի ներկայացուցչի բացակայությամբ դիմումը քննության առնելու հարցում:

Դատաքննության ընթացքում դատարանը հրապարակեց ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի կողմից Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու պահանջով ներկայացված դիմումը: Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանն առարկեց ներկայացված դիմումի դեմ` նշելով, որ դիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին, որի պատճառով չպետք է վարույթ ընդունվեր դատարանի կողմից: Բացի այդ, դիմումում պետք է նշված լինեին հարկադիր բուժման ենթարկելու պատճառները: Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց նաև հոգեբուժական հանձնաժողովի կայացրած եզրակացության թերությունները: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետից հետևում է, որ հոգեկան հիվանդ անձին կարելի է զրկել ազատությունից նրանից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով: Մինչդեռ, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության մեջ չի նշվել, թե ինչ վտանգ է ներկայացրել Ժուլետա Ամարիկյանը, կոնկրետ որ շրջապատի համար, ինչպես նաև՝ կոնկրետ հիվանդութունը, որով տառապել է Ժուլետա Ամարիկյանը, նրա հիվանդության ողջ պատմությունը և մի շարք այլ տվյալներ:

Ըստ ժուլետա Ամարիկյանի՝ իրեն հետազոտել են երկու բժիշկներ, մինչդեռ եզրակացությունը ստորագրված է չորս անձանց կողմից: Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց նաև հոգեբուժական հիմնարկից դուրս գրվելուց հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում անցած հետազոտությունների փաստաթղթերը, որի ընթացքում նյարդաբանը պարզել էր, որ Ժուլետա Ամարիկյանի գիտակցությունը պարզ է, զննման պահին սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել:

Այսպիսով, Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ Ժուլետա Ամարիկյանը չունի հոգեկան առողջության խնդիրներ, և նրան հոգեբուժական հիմնարկ տեղափոխելը ակնհայտ ապօրինություն է եղել:

Դատարանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը և նշանակեց վճռի հրապարակման օր: Սույն գործով վճռի հրապարակումը տեղի կունենա 2014 թվականի փետրվարի 26-ին` ժամը 15:30-ին:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Ժ. Ամարիկյանի փաստաբան Տ. Հայրապետյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել բողոք` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի մասով` անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ժուլետա Ամարիկյանը Ավանի հոգեբուժական հաստատությունում գտնվել է մոտ մեկ ամիս և արդեն բազմիցս նշել է, որ հոգեբուժարանում անցկացրած իր օրերը շատ դաժան են եղել, նրա հանդեպ ցուցաբերվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ