ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։

Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։

ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։