Կառավարության որոշմամբ՝ շուրջ 800 գիտնական զրկվում է իր գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարներից. Ատոմ Մխիթարյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, գործադիրի հունվարի 4-ի նիստում հաստատվեցին գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները, որը, ըստ ԿԳՄՍ նախարարի, խրախուսելու է գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելուն։ Նշեմ, որ գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները 25 հազար դրամի չափով և գիտությունների դոկտորները՝ 50 հազար դրամի չափով։ Որքանո՞վ է այս փոփոխությունը խրախուսելու գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելուն։

– Բնավ չի նպաստելու դրան, որովհետև սա նշանակում է, որ ուղղակի շուրջ 800 գիտնական, որ գիտությանը զուգահեռ զբաղվում է նաև վարչական կամ դասախոսական աշխատանքով, այսինքն՝ ամբողջ ծանրաբեռնվածությամբ միայն գիտության բնագավառում չի, ուղղակի կզրկվի հավելավճարներից: 

Այս որոշումը, կարճ ասած, դա է նշանակում, այսինքն՝ եթե մարդը որպես գիտաշխատող ամբողջ դրույքով չի աշխատում, նա ուղղակի կզրկվի հավելավճարից, ու ոչ ոք իր, օրինակ՝ դասախոսական աշխատանքը չի թողնի ու 25000 դրամի համար միայն զբաղվի գիտական աշխատանքով, որովհետև անընդհատ խոսում են բարձր աշխատավարձերի մասին, բայց բոլորս էլ գիտենք, որ դրանք չնչին աշխատավարձեր են, ու այս 25000 դրամը որևէ էական փոփոխություն չի կարող մտցնել։ 

Ամփոփ՝ ստացվում է, որ կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 800 գիտնական՝ գիտությունների թեկնածու ու դոկտոր, ուղղակի զրկվում է իր գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարներից։ Սա ևս մեկ հարված է գիտության ոլորտին։ 

– Այսինքն՝ այս որոշումն ունենալու է հակառա՞կ էֆեկտ։

– Տեսեք, օրինակ՝ ես ինքս դասախոսում եմ ու նաև գիտական աստիճանի համար հավելավճար եմ ստանում, ժամանակի մի մասն էլ տրամադրում եմ գիտական աշխատանքին, դրա համար ստանում եմ այդ հավելավճարը: Հիմա ես իմ դասախոսական աշխատանքը չեմ պատրաստվում թողնել ու միայն գիտական աշխատանքով զբաղվել, այսինքն՝ ստանալ միայն 25000 դրամ կամ նվազագույն աշխատավարձ գումարած 25000 դրամ։ Այսինքն՝ բոլորս ուղղակի կզրկվենք այդ հավելավճարից, ու դա ոչ մի դրական արդյունք չի տալու։

– Պարո՛ն Մխիթարյան, բայց նախարարությունը վարում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, ինչպես հավաստիացնում են, այսինքն՝ դա բավարար չէ՞, որ գիտնականը զուգահեռ այլ աշխատանք չանի։

– Ո՛չ, խնդրում եմ գտեք մեկ գիտնական, որի սոցիալական վիճակը բարձրացել է վերջին մեկ տարվա ընթացքում, կամ, գոնե, աշխատավարձն է բարձրացել։ Բարձրացման համար կան լրացուցիչ պահանջներ, ատեստավորման մասին են հիմա խոսում, գիտնականներն այդ աշխատավարձերին հավակնելու համար պետք է ատեստավորվեն, ինչպես անում են մյուս բնագավառներում, այսինքն՝ այդ ավելացումները նրանց վրա դեռ չեն ազդում, իսկ ատեստավորման այդ սուբյեկտիվ գործընթացի մասին բոլորս գիտենք, թե ինչպես է կազմակերպվել գիտության բնագավառում, այսինքն՝ դրանք ուղղակի խոսքեր են, իսկ իրականում մենք շոշափելի արդյունք չենք տեսնում, ընդհակառակը՝ անընդհատ տեսնում ենք գիտնականների թվի նվազում։ 

– Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի իրապես նպաստի գիտնականների թվի ավելացմանը, գիտական աշխատանքով զբաղվելու նկատմամբ հետաքրքրություն առաջացնի։

– Այդպիսի մի հարց ես տվել եմ հայտնի Նոբելյան մրցանակակրի, ու նրա պատասխանը հետևյալն էր․ «Պետությունը պետք է գիտությանն այնքան փող տա, ինչքան ուզում են գիտնականները, ու ընդհանրապես չմիջամտի նրանց գործունեությանը»։ Այս պատասխանի հետ լիարժեք կարելի է համաձայնել, որովհետև գիտությանը պետք է ուղղակի ֆինանսավորել՝ որևէ բան չպահանջելով, սա ստեղծագործական աշխատանք է, դուք չեք կարող ինչ-որ չափանիշներ դնել։ 

Պարզ է, որ եթե գիտնականների սոցիալ-տնտեսական պահանջները բավարարվեն, նրանք կսկսեն ուղղակի ստեղծագործել, այդպիսի իրավիճակ էր խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանում գիտնականների թիվը 3-4 անգամ շատ էր, քան հիմա ունենք։ 

Այն ժամանակ ֆինանսավորումը կատարվում էր հետևյալ կերպ․ գիտական կազմակերպությունը ներկայացնում էր պլանային տնտեսությանը համապատասխան պլան, թե ինչ են պլանավորում անել 1 կամ 4 տարվա ընթացքում, և ստանում էին ուղղակի ֆինանսավորումը։ Պարզ է, որ կային շատ լավ գիտնականներ, կային միջին որակի գիտնականներ և կային շատ վատ գիտնականներ, ինչպես ամեն տեղ, բայց գիտությունն այդպես է զարգանում։ Իսկ այս պարագայում, մենք ունենք 2000 ու մի փոքր ավելի գիտնական, որոնք նաև այլ աշխատանքով են զբաղվում, և նրանց ավելի քան 1/3-ն ուղղակի զրկվելու է այդ հավելավճարից, այսինքն՝ ստացվում է, որ նրանց ներդրումը գիտության մեջ ուղղակի կհավասարվի զրոյի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am