Եվրո-2020. Դանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հաղթելով Ուելսին

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆը մեկնարկեց Ուելս-Դանիա խաղով, որը կայացավ Ամստերդամում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Ուելսը տիրել էր նախաձեռնությանը, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը: Դանիան շեշտը դրել էր արագ հակագրոհի վրա:

Հենց նման մի հակագրոհի ժամանակ էլ` 27-րդ րոպեին, Կասպեր Դոլբերգի հեռահար, դիպուկ հարվածի շնորհիվ Դանիան առաջ անցավ հաշվի մեջ: Ուելսն առաջին կեսի մնացած րոպեներին փորձեց հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն:

Երկրորդ կեսի մեկնարկում Ուելսի հավաքականի պաշտպաններն օգնեցին Դանիային խփել երկրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Կասպեր Դոլբերգը: Ուելսն ամեն կերպ փորձում էր գտնել դեպի Դանիայի դարպասը տանող ճանապարհը, սակայն դանիացիները կարգապահորեն պաշտպանվում էին: Դանիան խաղավարտին մոտ խփեց նաև երրորդ գնդակը` աչքի ընկավ Մելեն:

Մինչ մրցավարը կազդարարեր խաղի ավարտը Ուելսի կազմում կարմիր քարտ ստացավ Հարի Ուիլսոնը, ով միտումնավոր գցեց Մելեին: Հանդիպման ավելացված րոպեին Դանիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրեյթվեյթը:

Ուելս-Դանիա` 0:4:

Դանիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ (հունիսի 27):