Այսօր ՀՀԿ ԳՄ-ն (Գործադիր մարմին) և խորհրդարանական խմբակցությունը (ԽԽ) Երևանի «Ջազզվե» սրճարանում գումարել են համատեղ անդրանիկ նիստը, որի արդյունքներով հայտարարում են.
ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը,
ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքացիների խաղաղ անհնազանդության բողոքները, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը,
ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը՝ պայքարել կոռուպցիայի դեմ` համարելով դա կոնկրետ անձանց դեմ ուղղված քաղաքական վենդետա,
ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն վերահաստատում են իրենց սաբոտաժը բարեփոխումներին` ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի բարձրացմանը,
ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն համարում են, որ արտահերթ` արդար և թափանցիկ ընտրություններն ուղղված են ՀՀԿ-ի դեմ և միտված են խորհրդարանից դուրս մղելուՀանրապետական կուսակցությանը:
Հաշվի առնելով, որ՝
ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորների զգալի մասը պատգամավորական մանդատը կորցնելուց հետո կկորցնի նաև հանրային և հատկապես լրագրողական ճանաչելիությունն ու հետաքրքրությունը,
ՀՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասն այլ աշխատանք անելու ունակություն, հմտություն, գիտելիք և կարողություններ չունի, և, հետևաբար,արտահերթ ընտրությունները հանգեցնելու են գործազրկության աճին,
պատգամավորական մանդատի և անձեռնմխելիության կորստից հետո խմբակցության մեծ մասն առավել հասանելի կդառնա իրավապահ մարմինների համար,
ՀՀԿ ԽԽ-ի նկատմամբ հանրային տոտալ ատելության պայմաններում խմբակցության անդամները, մանդատից զրկվելու դեպքում, ստիպված կլինեն քաղաքում շրջել ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ` հանրային տրանսպորտով կամ ոտքով, ինչը հղի է անկանխատեսելի և լետալ հետևանքներով,
խորհրդարանում ներկայացված չլինելու պարագայում ՀՀԿ-ն կկորցնի իր քաղաքական դերակատարությունն ու ազդեցությունը և կդառնա լուսանցքային ուժ,
խորհրդարանում ներկայացված չլինելու պարագայում կուսակցության շարքերում արդեն իսկ սկսված աննախադեպ ու մեծածավալ արտագաղթը կվերածվի մեծ գաղթի, և կուսակցությունում կմնան միայն նրանք, ովքեր եղել են այնտեղ մինչև կուսակցության իշխանական դառնալը, այսինքն` փոքրաթիվ մարդիկ,
Գալուստ Սահակյանի ներկայությունն ԱԺ-ում Սահմանադրությամբ` անփոփոխ հոդվածով ամրագրված դրույթ է,
Կարևորելով
թալանելու, անհոդաբաշխ ելույթներ ունենալու և օրենսդրական նախաձեռնություններ բերելու մեր սահմանադրական իրավունքը,
Վերահաստատելով
սաբոտաժներ անելու մեր հանձնառությունը,
Հայտարարում են.
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում:
Կից ներկայացնում ենք ակնաբույժի կողմից տրված տեղեկանքները առ այն, որ խմբակցության բոլոր անդամները հայտարարությունից մեկ օր առաջ նրա մոտ անցել են համապատասխան զննություն:
Քրիստինե Խանումյան
MediaLab.am