Ադրբեջանը ցանկանում է Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի» մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզեկստանի Խիվա քաղաքում Թյուրքական մշակույթ միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների 38-րդ նիստում Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքի թեկնածությունն է առաջադրել 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաքի կոչման համար։ Այս մասին նախարարը հայտնել է թվիթերյան իր էջում։

«Ես մասնակցեցի Խիվայում նախարարների 38-րդ նիստին, պատմեցի մեր երկրի համագործակցության մասին կազմակերպության հետ, Ղարաբաղում պատմամշակութային հուշարձանների ավերման, պատերազմի մասին, ինչպես նաև Շուշիի թեկնածությունն առաջադրեցի 2023-ին թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի դերում»,- գրել է ադրբեջանցի նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ու հայկական Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» հայտարարել։ Հավելենք նաև, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։

Աղբյուր՝ Factor.am