Մինչև դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրությամբ իր քաղաքական թիմը լիարժեք կատարել է ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստաի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին՝ մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդը՝ մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդի մանդատը ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները՝ արձանագրելով, որ այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ:
«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ վստահության քվե են ակնկալում ժողովրդից, եւ եթե այդ քվեն ստանան, ապա առաջիկա 5 տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն:
«Մենք մտադրված ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական և բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ: Որպես այս ամենի կուլմինացիա, այս ամենին հարակից խնդիր Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է»,- նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով Ամուլսարի թեմային, Փաշինյանն ասել է, որ այդ ներդրումային ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն փաստերի վրա հիմնված որոշում կայացնել:
«Միջազգային հեղինակավոր փորձագետներն այսօր ասում են, որ այն շեշտադրումները, որոնք անում ենք այդ ծրագրի հետ կապված՝ լեգիտիմ են: Գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի ծրագրի շրջանակում և դրա ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունը՝ ամենահեղինակավոր կազմակերպության կողմից: Մենք պետբյուջեից միջոցներ չենք խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանալու համար: Այդ փորձաքննությունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե վտանգ լինի Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, ապա նախագիծը չի իրականացվի, եթե ոչ՝ ապա ծրագիրը կյանքի կկոչվի:
Անդրադառնալով այն հարցին, թե որն է իրենց կառավարության ամենամեծ ձախողումը տնտեսության ոլորտում` Փաշինյանն ասել է, որ ամենամեծ ձախողումը և խնդիրը համարում է հանքարդյունաբերության շուրջ քաղաքականությունը, ինչը, միևնույն է, համարում է, որ բխում է Հայաստանի ազգային շահերից:
«Այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար, սակայն համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում և բնականաբար մեր այդ գործողությունները որոշակի անհանգստություններ են առաջացնում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտաքին գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային այդ զգացողությունը չլինի»,- նշել է նա:
Մասնավորապես, խնդիրներ կան «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, Հյուսիս-հարավ և այլ նախագծերի հետ կապված: «Այս բոլոր հարցերում ներգրավված են հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություններ, բայց մենք մտադիր ենք հետևողականորեն մեր երկրի շահերը պաշտպանել»,- հավելել է Փաշինյանը: