Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին. Տարոն Սիմոնյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝

ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝

ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,

կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,

կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,

ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻԴատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝

կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,

ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։

Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Դե ինչ։

Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը»: