Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր). Fip.am

«Fip.am»-ը գրում է.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է՝ վճարած 48․8 մլրդ դրամ հարկերով։  «Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբն այս տարվա ապրիլին եղել է Քաջարան քաղաքում, նկարահանել է, թե ինչպես է անմիջապես քաղաքին կպած հանքում պայթեցում իրականացվում, ինչպես է պայթեցումից հետո քաղաքը ծածկվում փոշու ամպով, ինչպես է քաղաքը սնուցող Ողջի գետը ցամաքում Կոմբինատի ջրառից հետո: Մենք նաև բացառիկ տեսանկարահանում ենք իրականացնել Կոմբինատի տարածքում՝ բացահայտելով խոշորագույն ձեռնարկության անբավարար աշխատանքային պայմանները։ 

Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև տեղակայված քաղաքը Քաջարանն է, քաղաքից քիչ հեռու, հնամաշ կտուրների տակի մի քանի տասնյակ ծուռումուռ տնակներով գյուղը Քաջարանցն է, որն էլ հենց տվել է իր անունը սովետական տարիներին ձևավորված արդյունաբերական քաղաքին։ 

Տարիների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «կուլ է տվել» գյուղը։ Եթե 1931-ին Քաջարանցն ուներ 526 բնակիչ, ապա 2021-ին գյուղի բնակչությունը կազմում է ավելի քան երկու անգամ պակաս՝ 206 անձ։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործման է հանձնվել 1951 թվականին։ Այն արդյունահանում է պղնձի և մոլիբդենի խտանյութ։ Խորհրդային տարիներին որպես պետական ձեռնարկություն հիմնված ընկերությունը 2004-ին մասնավորեցվել է։ 

Քաջարանի ու հարակից շրջանների օդն աղտոտող հիմնական օբյեկտը ԶՊՄԿ-ն է․ փոշու ծանրաբեռնվածությունը քաղաքի վրա մեծանում է Կոմբինատի արտադրական հզորության ընդլայնմանը զուգահեռ։ 

Եթե մինչև սեփականաշնորհումը՝ 2004 թվականը, ԶՊՄԿ-ն վերամշակում էր տարեկան 7-8 մլն տոննա հանքաքար, ապա 2021-ին Կոմբինատի տարեկան արտադրողականությունը կազմել է 17․6 մլն տոննա, իսկ արդեն այս տարի այն նախատեսվում է ավելացնել ևս 25 տոկոսով՝ դարձնելով 22 մլն տոննա։

Քաջարան քաղաքում փոշու մոնիթորինգ չի իրականացվում, իրականացվում է միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մոնիթորինգ, FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։  Նախարարության պատասխանում նշվում է, որ 2020 և 2021 թվականներին ծծմբի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի չափը։

«Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբը հանքավայրում պայթեցումներն արձանագրել է այս տարվա ապրիլի 19-ին։ Պայթեցումից րոպեներ անց քաղաքն ամբողջությամբ ծածկվում է փոշու ամպով, քանի որ Կոմբինատը գտնվում է անմիջապես քաղաքի վարչական սահմաններում, իսկ բանուկ բնակելի գոտուց մինչև բուն պայթյունի վայրը բաժանում է ամենաշատը 1-2 կիլոմետր։ Եթե քամին փչում է հակառակ ուղղությամբ, փոշին գնում է դեպի գյուղ։ ԶՊՄԿ-ի աշխատակից Գևորգ Մանուկյանն ասում է՝ այս պատկերը ամեն օր է․ հանքում գրեթե ամեն օր պայթեցումներ են, իսկ քամու, ուժեղ անձրևների դեպքում կեղտաջրերը լցվում են քաղաք, աղտոտում Ողջի գետը։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության տվյալներով՝ 2019-ին ԶՊՄԿ-ում աշխատել է 4626 քաղաքացի, որոնցից 1052-ը կանայք են, 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

Գևորգ Մանուկյանի խոսքով՝ աշխատակիցները պարբերաբար առողջական վիճակը գնահատող ստուգումներ են անցնում, բայց իրականացված հետազոտությունները ցույց չեն տալիս քաջարանցիների մոտ առկա հիվանդությունների իրական պատկերը։

«Մարդն այստեղ չի էլ գիտակցում, որ հիվանդ է, նվիրվելով Կոմբինատին՝ գիշեր-ցերեկ հերթափոխով հասցնում է միայն աշխատել։ Մարդիկ կան, թաքցնում են, որ հիվանդ են, մյուսներն էլ իմանում են հիվանդության մասին, երբ դանակը ոսկորին է հասնում»,- ասում է Գևորգը։

Մանրամասները՝ Fip.am-ում