Արևոտ մարտի 8 է։ Մինչ բոլորս զբաղված ենք ավելի մատչելի գնով ծաղիկ հայթայթելով, երկրի վարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
Նա նշել է, որ «Մեզանում Մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և, հետևաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է»:
Հետաքրքիր դիտարկում է, իհարկե։ Կանանց ներգրավվածությանը նայել ոչ թե մարդու իրավունքների, այլ բացառապես պետության «քյարի» տեսանկյունից։ Այստեղ հիշեցնեմ, որ Մարտի 8-ը ոչ թե Մայրության և գեղեցկության տոնն է, դրա համար ունենք Ապրիլի 7, այլ Կանանց իրավունքների տոնը։ Կրթվելու, կյանքի, առողջության, արժանապատվության, աշխատանքի և քաղաքական ու քաղաքացիական գործընթացների մասնակցելու իրավունք։ Տոնի հիմքում սա է։
Բայց վերադառնանք պետությանը։ Վարչապետը նշում է, որ «Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, և առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու»: Անկեղծ ասած՝ դժվար է հասկանալ, թե այդ ինչ ենթամշակույթներ են ազդում կանանց կրթության վրա։ Մեզ միշտ թվացել է, թե կանայք կրթվում են, որպեսզի զարգանան և աշխատաշուկայում լավ տեղ զբաղեցնեն, ինչը բնական, մարդկային պահանջ է, ոչ թե փախուստ ենթամշակույթներից։
Եթե ինչ-որ ենթամշակույթներ վտանգում են տղաների կրթությունը, դա այլ հարց է, բայց ի՞նչ կապ ունի դա կանանց հետ։ Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ ահազանգել տղաների կրթության անկման մասին, ինչ խոսք, նոր միտում է։ Հավանաբար կանանց իրավունքների հետ կապված բոլոր հարցերը «հորով-մորով» ենք արել։
Ես չեմ ասում, որ տղաների շրջանում խնդիր չկա։ Իհարկե կան և բազմաթիվ։ Բայց դրանցից պետք է խոսել ոչ թե մարտի 8-ին, այլ կլոր տարի։ Եվ նախընտրելի է չխոսել, այլ գործ անել։
Եվ վերջապես, վերջին հետաքրքիր կետը։ Վարչապետը գրում է. «Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ», և սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում»: Մի կողմ թողենք ծնելիության հարցով արդեն կանանց զզվեցրած դատարկ ելույթները ամբողջ աշխարհով մեկ։ Այստեղ անգամ պատճառահետևանքային կապն է սխալ։ Այսինքն` կանայք աշխատում են, դրա համա՞ր շատ երեխաներ չեն ծնվում։
Ոչ ոք չի ասում` իսկ կարո՞ղ ա կանայք չունեն արժանապատիվ եկամուտ և երկու տեղում ճռռում են ամուսնու հետ միասին, որ ծայրը ծայրին հասցնեն։ Հանքաշատ երկրում կանանց առողջությունը գցած է պոլիկլինիկաներում թուղթ հավաքելու և թռչնակ դնելու մակարդակի։ Հետծննդյան ֆիզիկական և հոգեբանական խնդիրների հետ կանայք մնում են կատարյալ մենակ։ Էլ չասած, որ ոչ ոք չի վերահսկում ոչ ալիմենտի, ոչ ընտանեկան բռնության, ոչ էլ տարվա կեսը ստիպված խոպանում աշխատող հայրերի հարցը։
Բայց վերադառնանք աշխատանքին։ Հիշեք` կանայք աշխատել են ՄԻՇՏ։ Ոչ մեկիս տատերը չեն նստել թախտին ու մեղր ու կարագ կերել։ Այո՛, նրանք չեն եղել գրանցված աշխատող։ Բայց աշխատել են միշտ՝ տանը, տնամերձում։ Ավելին՝ կինը երբեք չի եղել նստած տանը միայնակ երեխայի հետ։ Միշտ եղել են շուրջը շատ մարդիկ` տատիկներ ու բարեկամներ, լիքը երեխաներ, որոնք մեծ հաշվով մեծացել են միասին։ Կա ծնելիության վրա ազդող երեք հիմնական, խոշոր գործոն, ու ժամանակ չունենալը դրա մեջ չի մտնում։
Ա) Քաղաքները. քաղաքում շատ երեխա ունենալը բարդ է։ Դու չունես տարածք, երեխան միայն ծախս է և ընտանիքի համար ապագա աշխատուժ և օգնական չէ։ Ըստ այդմ՝ շատ ունենալն իմաստ չունի և միայն աղքատացնում է ընտանիքը։ Այ եթե պետությունը, ասենք, երրորդ երեխայի համար բնակարան տար, հարցը հնարավոր կլիներ մեղմել։
Բ) Կրթություն. կրթված կինը չկրթվածից ավելի քիչ է երեխա ունենում։ Բայց ավելի բարեկեցիկ է պահում երեխային, անգամ եթե միայնակ է։
Դ) Երեխայակենտրոնություն. մարդկության պատմության մեջ ծնողները երբեք այդքան ռեսուրս ու հույզեր չեն ծախսել երեխաների վրա, ինչպես հիմա։ Երեխաները պիտի այցելեն խմբակներ, լինեն կուշտ և երջանիկ, չենթարկվեն բռնության, նրանց հետ պետք է տնայիններ անել, սիրել, խոսել, ժամանակ հատկացնել։ Երբեք մեր տատերը այսքան ժամանակ չեն ծախսել երեխաների վրա։ Երեխան մինչև որոշակի տարիք մեծացել է և կցվել տան գործերին։ Ըստ այդմ ընտանիքի պլանավորումը, հաշվի առնելով այս գլոբալ փոփոխությունները, փոխվել է։
Հետևաբար, կանայք ոչ թե ժամանակ չունեն, այլ գումար, տարածք, հաճախ աջակցություն, առողջություն և ներքին ռեսուրսներ։ Պետությունը եթե այս հարցերով իրոք մտահոգված է, պետք է խորքային վերաբերվի խնդրին, ոչ թե տեղական փոքր փոփոխություններով ու կոչերով փորձի հարցը լուծել։
Շնորհակալություն իհարկե, որ բարձրացվեցին պետության տնտեսական և ժողովրդագրական շահերի խնդիրները, սրանք շատ կարևոր են, բայց ես կուզեի Մարտի 8-ին շնորհավորել բոլոր հայ կանանց իրենց իրավունքների առթիվ, մաղթել նրանց և նրանց երեխաներին նախևառաջ կյանքի իրավունք, առանց աղքատանալու մայրանալու իրավունք, առանց բռնության ընտանիքի իրավունք և իրենց մասին հոգ տանող պետություն ունենալու իրավունք։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am