Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե-Ֆրետեն երկաթուղային կայարանում նոյեմբերի 12-ի առավոտյան ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջադեպն ազդել է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երկաթուղային հաղորդակցության վրա։
Ֆրանսիայի ազգային երկաթուղային օպերատոր SNCF-ը հայտնել է, որ ժանդարմերիայի թույլտվությունից հետո գնացքների երթևեկությունը վերականգնվել է։
Eurostar միջազգային արագընթաց գնացքների օպերատորի տվյալներով՝ միջադեպի հետևանքով խափանվել է Լոնդոն–Փարիզ ուղղությամբ որոշ գնացքների երթևեկությունը։
Վերջին օրերին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ռումբի տեղադրման մասին ահազանգերի ալիք է գրանցվել։ Սպառնալիքներ են ստացվել դպրոցների, օդանավերի և լրատվամիջոցների հասցեին։
Նոյեմբերի 11-ին նման ահազանգեր են ստացել Իտալիայի շուրջ 6300 դպրոցներ, ինչի հետևանքով իրականացվել են տարհանումներ և ժամանակավոր փակումներ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կառավարության նիստում հայտարարել է, որ ահազանգերը կեղծ են եղել, և իրավիճակը վերահսկվում է։
Նման սպառնալիքներ են ստացել նաև Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության բազմաթիվ դպրոցներ։



















