Փաշինյանի թեյն ու բանանը․ COP31-ի «ամենաուշագրավ» ու «տարօրինակ» դրվագները՝ ըստ թուրքական մամուլի

Թուրքական մամուլը քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անթալիայում թեյ խմելու, բանանը գրպանը դնելու և Թարքանի երգի ներքո սրտիկ ցույց տալու տեսանյութերը՝ դրանք ներկայացնելով որպես COP31 գագաթնաժողովի ամենաուշագրավ դրվագներից մի քանիսը։

Ինչպես հաղորդում է CNN Türk-ը, համաժողովին մասնակցող առաջնորդներից Փաշինյանն աչքի է ընկել սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ։ Հեռուստաընկերությունն առանձնացրել է նրա՝ թուրքական թեյ խմելու և Անթալիայից մեկնելիս բանանը գրպանը դնելու տեսանյութերը։

Բանանի պատմությունն առավել մանրամասն ներկայացրել է Sözcü-ն՝ գրելով, որ Փաշինյանի այս քայլը սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են՝ անվանելով «տարօրինակ»։

«Ամեն քայլը՝ առանձին իրադարձություն» ենթավերնագրով պարբերությունում թերթը գրում է, որ առօրյա կյանքի անսովոր հրապարակումներով հաճախ ուշադրություն գրավող Հայաստանի վարչապետն այս անգամ էլ զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին։

Փաշինյանը Անթալիայից մեկնելուց առաջ հավաքում է իրերը, համակարգիչը դնում պայուսակը, ապա վերցնում սեղանին դրված բանանն ու տեղավորում բաճկոնի գրպանում։ Ավելի ուշ՝ արդեն Դուբլինում, նա կրկին ցուցադրում է իր հետ տարած բանանը։

Թուրքական Odatv-ն ավելի պատկերավոր վերնագիր է ընտրել՝ «Բանանից մինչև գուլպաներ, թեյից մինչև ապուր․ Փաշինյանն անցավ Անթալիայով»։

Լրատվամիջոցն առանձնացրել է ոչ միայն բանանի և թեյի տեսանյութերը, այլև այն կադրերը, որոնցում Փաշինյանը հագնում է գուլպաներն ու ինքնուրույն կապում կոշիկների քուղերը։ Odatv-ն նկատում է, որ դիվանագիտական հանդիպումների և կլիմայական բանակցությունների ֆոնին Հայաստանի վարչապետի հրապարակումներում առանձնացել են առօրյա կյանքի մանրամասները։

TV100-ը բանանի պատմությունը ներկայացրել է ինտրիգային վերնագրով՝ «Մեկնելիս հետն այնպիսի բան վերցրեց, որ…»՝ այդ տեսանյութը համարելով Փաշինյանի հրապարակումներից ամենաշատ ուշադրություն գրավածը։

Թուրքական մամուլը չի շրջանցել նաև Թարքանի հայտնի «Şımarık» երգի դրվագը։ Փաշինյանի հետ զրուցող թուրք լրագրողը միացրել է երգը, ապա նրանք միասին ձեռքերով սրտիկ են պատկերել։ Զրույցի ընթացքում հիշատակվել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին։