Nvidia-ի տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Ջենսեն Հուանգին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին։ Որոշումն ընդունվել է Հուանգի հետ մի շարք քննարկումներից և հանդիպումներից, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի խորհրդակցություններից հետո։ Nvidia-ից հայտնել են, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ողջունել է Հուանգի վերադարձը՝ այն անվանելով «ճիշտ և պատշաճ որոշում»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները հիմքեր չունեն կարծելու, որ Հուանգի վերադարձը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։
Նոյեմբերի 20-ին Թրամփը կոչ էր արել Nvidia-ին Հուանգին վերադարձնել ընկերության ղեկավարի պաշտոնին։ «Ես ուրախ կլինեի նրա վերադարձի համար։ Խոսքը աշխարհի ամենափայլուն մտքերից մեկի մասին է. էլ ո՞ւր պետք է նա գնա։ Կարծում եմ՝ Ջենսենին պետք է երկրորդ հնարավորություն տալ»,- լրագրողներին ասել էր Թրամփը։
ԱՄՆ խոշորագույն չիպեր արտադրող Nvidia-ի հիմնադիրն ու երկարամյա ղեկավարը հրաժարական էր տվել լրատվամիջոցներում հրապարակված սկանդալային տեղեկություններից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա դավաճանել էր կնոջը՝ Սինգապուրի Megaspeed ընկերության մենեջեր Էլիս Հ.-ի հետ։ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևել էին Էլիսին՝ կասկածելով, որ նա հավաքագրված է Չինաստանի հատուկ ծառայությունների կողմից։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև Nvidia-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկի հետ Հուանգի ենթադրյալ ռոմանտիկ կապի մասին։



















