ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրներին մեկ տարվա ընթացքում մշակել արհեստական բանականության ռիսկերի կառավարման համընդհանուր և ներառական միջազգային շրջանակ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն՝ ապահովելու համար, որ մարդկությունը պահպանի վերահսկողությունը այս տեխնոլոգիայի նկատմամբ։
Գուտերեշը նման կոչով հանդես է եկել երկուշաբթի՝ Բարբադոսում արհեստական բանականությանը նվիրված համաժողովի ընթացքում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունների ավարտին ընդառաջ Գուտերեշն ավելի հաճախ է բարձրաձայնում արհեստական բանականության անվտանգության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ապագայում «մարդասպան ռոբոտների» ի հայտ գալը կանխելու նպատակով։
«Այսօր կոչ եմ անում անդամ պետություններին համակարգել ջանքերը և առաջիկա մեկ տարվա ընթացքում մշակել արհեստական բանականության ռիսկերի կառավարման համընդհանուր, ներառական և սկզբունքահեն բազմակողմ շրջանակ՝ անկախ և վստահելի վերահսկողության մեխանիզմով»,- հայտարարել է նա։
«Վերահսկողություն մեր աշխարհի նկատմամբ»
Արհեստական բանականության միջազգային կարգավորումն առայժմ դժվար իրագործելի է թվում, քանի որ տեխնոլոգիական գերտերություններ ԱՄՆ-ն և Չինաստանը ձգտում են առաջատար դիրքեր զբաղեցնել հետազոտությունների և զարգացման ոլորտում։
Այնուամենայնիվ, Գուտերեշի խոսքով՝ առաջին քայլը կարող է լինել անվտանգության միասնական չափանիշների, փորձարկման համակարգի և անկախ վերահսկողության հիմնական պահանջների շուրջ երկրների համաձայնության ձեռքբերումը։
Սեպտեմբերին Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը կոչ էին արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը։
Մյուսները, այդ թվում՝ Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, կողմ են տեխնոլոգիայի զարգացման տեմպերը չդանդաղեցնելուն։
ԱՄՆ-ում, որտեղ արհեստական բանականության զարգացումն ամենաարագ տեմպերով է ընթանում, կարգավորող մարմինների միջամտությունը քիչ հավանական է թվում։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ, որոնք համաձայնել էին հետևել արհեստական բանականության անվտանգության ապահովման կամավոր վարքականոնին։
Գուտերեշը նշել է, որ գլոբալ կառավարման տարբեր կառույցներ շարունակում են արտացոլել 1945 թվականի աշխարհակարգի իրողությունները։
«Ակնհայտ է, որ կառույցները պետք է բարեփոխվեն՝ ժամանակակից աշխարհի իրողություններին համապատասխանելու համար»,- AFP-ի հարցին ի պատասխան ասել է նա՝ հավելելով, որ դա վերաբերում է ՄԱԿ-ին, միջազգային ֆինանսական համակարգին և համաշխարհային առևտրային համակարգին։
Գուտերեշի խոսքով՝ հաջորդ տարի պաշտոնը ստանձնող իր իրավահաջորդին խորհուրդ կտա պատշաճ վերահսկողություն սահմանել արհեստական բանականության նկատմամբ, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի «մարդկությունը պահպանի վերահսկողությունն իր աշխարհի նկատմամբ»։



















